ՍԾՏԿ խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Ղարս - Գյումրի երկաթգծի վերագործարկման վերաբերյալ առաջարկությունը

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏԿ) խորհրդարանական վեհաժողովը երեկ Ալբանիայի մայրաքաղաքում ընդունել է Հայաստանի պատվիրակության առաջարկությունը Ղարս - Գյումրի - Թբիլիսի -Բաքու երկաթգծի վերագործարկման վերաբերյալ:

Ինչպես Տիրանայից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՍԾՏԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, առաջարկությանը կողմ է քվեարկել նաեւ Թուրքիայի պատվիրակությունը:

«Յուրաքանչյուր զեկույցին ուղեկցում են նաեւ հանձնարարականները, որոնք ուղղված են համագործակցության անդամ երկրների խորհրդարաններին եւ կառավարություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ ձեւակերպումը հնչում է հետեւյալ կերպ. - «Վերագործակել առկա Ղարս - Գյումրի - Թբիլիսի - Բաքու [երկարգիծը], որը կապում է իրար հետ տարածաշրջանի չորս երկրները»:

Տիրանայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը երեկ նաեւ ստանձնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում նախագահողի պարտավորությունները, որոնք իրականացնելու է առաջիկա 6 ամիսներին:


Աստղիկ Բեդեւյան