Ստեպաշինը դժգոհ է Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկությունների արտադրական ներուժի օգտագործումից

Հայաստանի Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատի եւ Ռուսաստանի Հաշվիչ պալատի համատեղ կոլեգիայի նիստում Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը դժգոհ է Հայաստանի կողմից «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների արտադրական ներուժի օգտագործումից:

«Չնայած նրան, որ գործարանների փոխանցման ծրագիրը միանշանակ ճիշտ ձեռնարկ էր, փոխանցման պահից ի վեր այդ գործարանները չեն աշխատում իրենց ողջ հզորությամբ», - այսօր նկատեց Սերգեյ Ստեպաշինը:

«Մարս» գործարանը այսօր իր հզորության 1 տոկոսի չափով է աշխատում, դա ուղղակի խայտառակություն է: Նման հզորությամբ աշխատելը ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ, այդպես աշխատողներին պետք է համատարած հեռացնել աշխատանքից», - հայտարարեց Ստեպաշինը:

Նա հայտնեց, թե կողմերը որոշում են կայացրել համապատասխան ծանուցումներ պատրաստել երկու երկրների կառավարությունների համար՝ ստուգելու միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Եվ որն ամենակարեւորն է՝ «իրավիճակը մեռյալ կետից շարժելու փորձ անել»: Պետք է լուծվի նաեւ պատվերով այս ընկերությունները ապահովելու հարցը:

Այսօր կայացրած որոշումների իրագործման վերջին ժամկետը մեկ տարի է: «Եթե պարզվի որ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել, մենք նաեւ ունենք համապատասխան լծակներ՝ հարցնելու համար պատկան չինովնիկներին, թե ո՞րն էր մեր հանձնարարականի չկատարման պատճառը», - նշեց Ռուսաստանի Վերստուգիչ պալատի նախագահը:

Սերգեյ Ստեպաշինի հավաստմամբ, Ռուսաստանի Վերստուգիչ պալատի նախաձեռնությամբ անցյալ տարի 246 քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի փաստով, իսկ այս տարի այդ դեպքերն արդեն 200-ն են: Կոռուպցիան բացահայտելու համար նրանք համագործակցում են ռուսաստանի Գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության հետ:

Հայաստանի Վերահսկիչ պալատը, ըստ Սահմանադրության, այդպիսի լիազորություններ չունի եւ կարող է միայն ստուգումներ անցկացնել եւ արդյունքները փոխանցել Ազգային Ժողովի նախագահին, որն էլ որոշում է, թե որ բացահայտումն ուղարկել դատախազություն, որը՝ ոչ: Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի փոխանցմամբ, Ազգային Ժողովի նախագահի նախաձեռնությամբ անցյալ տարի ընդամենը 4 քրեական գործ է հարուցվել:

Աստղիկ Բեդեւյան