Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարաների հերթական բանակցությունները կկայանան Լյուբլյանայում

Դեկտեմբերին 4-ից 5-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան խորհրդակցության շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական բանակցությունները:

«Մենք որոշել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հադնիպումը անցկացնել դեկտեմբերի 4-ից 5-ը Լյուբլյանայում», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, Բաքվում լրագրողներին ասել է Էլմար Մամեդյարովը:

«Այդ հանդիպումը կազմակերպելու նպատակով Սլովենիայի մայրաքաղաք են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն արտգործնախարարների հանդիպման ձեւաչափն առայժմ համաձայնեցված չէ», - նշել է նախարարը:

Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Լյուբլյանայում տեղի է ունենալու նաեւ բալթյան եւ հարավկովկասյան պետութունների արտգործնախարարների հանդիպում՝ 3+3 ձեւաչափով:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահը նշել է, թե հանդիպման նախաձեռնողը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսն է, ով չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

Սահակաշվիլին հայտնել է, որ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման հարցը:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե «նախնական խոսակցություն, իրոք, եղել է, սակայն վերջնական պայմանավորվածության մասին ինքը տեղյակ չէ»:

Կարինե Քալանթարյան