Արկադի Ղուկասյան. «Սահմանադրության վրա աշխատանքը շարունակվում է»

Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագծի վրա աշխատանքը շարունակովում է, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, նախագիծը կարող է պատրաստ լինել մինչեւ տարեվերջ:

«Նոր պառլամենտ է ընտրվել, նոր քաղաքական ուժեր են եկել, որոնք պետք է ներգրավված լինեն այդ [Սահմանադրության նախագծի] աշխատանքների մեջ», - ասաց Ղուկասյանը: - «Աշխատանքները շարունակվում են, եւ ես գտնում եմ, որ գուցե մինչեւ նոր տարին արդեն այդ նախագիծը վերջնական ձեւակերպվի եւ ներկայացվի քննարկումների համար Ազգային ժողով: Ազգային ժողովում քննարկումներից հետո կներկայացվի ժողովրդի դատին»:

Սահմանադրությունը ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով:
Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունի. երկիրը այժմ ղեկավարվում է սահմանադրական օրենքներով:

«Նաեւ մենք պետք է հաշվի առնենք այն դաշտը, որ ստեղծվել է Հայաստանում», - շարունակեց Արկադի Ղուկասյանը: - «Ամեն դեպքում, ունենալով նույն տնտեսական դաշտը Հայաստանի հետ, մենք չենք կարող այդ տեսակետից շատ հեռու լինել Հայաստանից: Քանի որ Հայաստանում էլ սպասվում են սահմանադրական փոփոխություններ, իհարկե, սա էլ որոշ նշանակություն ունի մեզ համար»:


Կարինե Քալանթարյան