Ուրուգվայի օրենսդիրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել Հայաստանի շրջափակումը

Ուրուգվայի օրենսդիր մարմինի ներկայացուցիչների պալատը այսօր հայտարարություն է ընդունել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որով Թուրքիային կոչ է անում ապաշրջափակել Հայաստանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկու երկրների միջեւ:

«Նկատի ունենալով այս խորհրդարանի ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ հատկապես խորհրդարանի ցանկությունը նպաստել հայ եւ թուրք հարեւան ժողովուրդների հաշտեցմանը՝ Ուրուգվայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների պալատը միանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կոչին եւ խնդրում է Թուրքիային դադարեցնել Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ», - ասված է ներկայացուցիչների պալատի 70 անդամների կողմից միաձայն ընդունված հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության շուրջ լսումները երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել էին անցած ամռանը Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպան Շուրքրու Թուֆանի խնդրանքով, ով կոչ էր արել Ուրուգվային մասնակցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկած միջազգային հանձնաժողովի աշխատանքներին, որը պիտի ուսումնասիրեր ցեղասպանության իրողության փաստը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս գարնանը պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի այդ առաջարկը՝ փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել՝ հանդես գալով նույն հանձնաժողովի անդամների հետ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել էր եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կրկին լսումներ էին կազմակերպվել, որտեղ հիմնական զեկուցողը Արա Այվազյանն էր:

«Հայոց ցեղասպանությունը ապացուցվելու կարիք չունի եւ նման առաջարկը խիստ վտանգավոր է, եւ խարդավանք կարող է հանդիսանալ Ուրուգվայի համար, որն աշխարհում հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ընդունած եւ դատապարտած առաջին երկիր», - ասել էր նա:

Նորկայացուցիչների պալատի այսօրվա հայտարարության կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր Լիլիան Քեշիշյանը, ով մեծ դերակատարություն է ունեցել դրա ընդունման գործում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո