Նոյեմբերի 1-ից Հայաստանում արգելվում է վայրի թռչունների որսը

Հայաստանի բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել երկրի տարածքի որսահանդակներում սիրողական որսի թույլտվության մասին բնապահպանության նախարարի հրամանում:

Ըստ թռչնի գրիպի վիրուսի մուտքը Հայաստան կանխելուն ուղղված այդ փոփոխությունների՝ եթե նախկինում աղավնիների (թխակապույտ եւ անտառային, տատրակ) որսը թույլատրված էր մինչեւ 2005 թ. դեկտեմբերի 31-ը, ապա նոյեմբերի 1-ից այդ թռչնատեսակի որսը որգելվում է: Ջրլող թռչունների՝ բադերի (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկների (փառփար, եղեգնահավ) որսը, որ թույլատրված էր մինչեւ 2006 թ. մարտի 15-ը, նույնպես կարգելվի նոյեմբերի 1-ից: Չվող մյուս թռչունների որսի թուլտվության ժամկետը նոյեմբերի 1-ն էր:

Ադրբեջանի համապատասխան մարմինները, մինչդեռ, հետաքննում են անցած շաբաթ Նախիջեւանում հայտնաբերված շուրջ երկու հարյուր վայրի բադերի մահվան պատճառը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի թռչնագիտական ընկերակցության նախագահ Էլչին Սուլթանովը կարծիք է հայտնել, թե թռչունների թունավորել են որսագողերը՝ ջրի մեջ քիմիական նյութեր լցնելու ճանապարհով:

Իսկ հարեւան Վրաստանում, «Ռեզոնանսի» թերթի տեղեկացմամբ, երեքշաբթի օրը Բակուրիանիի շրջանի բնակչությունը խուճապի էր մատնվել՝ ընտանի թռչունների մահացության աճը կապելով թռչնի գրիպի տարածման հետ: Անասնաբուժական դեպարտամենտի ղեկավար Ջամբուլ Մագլակելիձեն, սակայն, լաբորատոր ստուգումներից հետո հայտարարել է, թե թռչունների մահվան պատճառը սովորական հիվանդություններն են եղել, որոնք մարդկանց համար վտանգավոր չեն:


Լեոնիդ Զիլֆուղարյան