Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ ոստիկանության ներկայացուցիչները մեկնել են Ուկրաինա

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունների տարածած համատեղ հայտարարության, երեկ դատախազության եւ նախարարության պատասխանատու աշխատակիցներից կազմված պատվիրակությունը՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովի գլխավորությամբ, մեկնել է Ուկրաինա՝ այդ երկրի համապատասխան մարմիններին ներկայացնելու երկուշաբթի օրը Ուկրաինայում Ինտերպոլի ներկայացուցչության աշխատակիցների կողմից Սիմֆերոպոլում ձերբակալված Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի էքստրադիցիայի համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Գուլիեւը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ այդ թվում 117 մլն դոլար յուրացնելու մեջ: Բաքվի շրջանային դատարաններից մեկի որոշմամբ, Գուլիեւի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2000 թվականի հոկտեբերի 10-ին:

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող Ռասուլ Գուլիեւը Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահն է: Նա Բաքու էր վերադառնում՝ մասնակցելու նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին:

Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը, մինչդեռ, Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Գուլիեւին:

Դաշինքի մամլո ծառայության փոխանցմամբ, «Ազադլիգ»-ը կոչ է արել «գործել միջազգային օրենսդրության նորմերին համապատասխան ու թույլ չտալ, որ ադբեջանական իշխանությունները իրենց ներքաշեն մի իրավիճակի մեջ, որը կարող է խաթարել Ուկրաինայի ժողովրդավարական իմիջը»: