Լեռնային Ղարաբաղում սկսվել է մարդահամարը

Այսօրվանից Լեռնային Ղարաբաղում սկսվել է անկախացումից ի վեր առաջին մարդահամարի անցկացումը: Մարդահամարի տվյալները, ըստ դրա անցկացման հանրապետական հանձնաժողովի նախագահի, անհրաժեշտ են, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կազմելիս:

Մարդահամարի անցկացման հանրապետական հանձնաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արարատ Դանիելյանի խոսքերով, ներկայումս ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան Լեռնային Ղարաբաղի բնակչության վերաբերյալ: Նախորդ մարդահամարը այստեղ անցկացվել է դեռեւս խորհրդային տարիներին՝ 1989 թվականին. այն ժամանակ Ղարաբաղում ապրում էր մոտ 189 հազար մարդ՝ 145 հազար հայ եւ 40 հազար ադրբեջանցի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Դանիելյանը ասաց, որ, մոտավոր տվյալներով, այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է 145-150 հազար: Նրա պնդմամբ, ներկայումս Ղարաբաղից արտագաղթ չկա, ընդհակառակը՝ վերադառնում են նախկինում իրենց բնակավայրերից հեռացած մարդիկ:

«Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններից հետո առաջացել է բարդ ռազմաքաղաքական եւ սոցիալական իրավիճակ եւ այսօր անհրաժեշտություն է առաջացել անցկացնել այդ մարդահամարը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դանիելյանը: - «Բնակչության թվաքանակը իմանալը մեզ համար ինքնանպատակ չէ, որովհետեւ մարդահամարի արդյունքների ամփոփումը մեզ հնարավորություն կտա, որպեսզի հետագայում մենք սոցիալ-տնտեսական ծրագրեր կազմելիս ավելի ճշգրիտ եւ օբյեկտիվ տվյալներ ունենանք»:

Սկսված մարդահամարը ընդգրկելու է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ բոլոր բնակավայրերը:

«Մարդահամարը ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ամբողջ տարածքը, որտեղ կա բնակչություն, որտեղ ապրում են մարդիկ, մեր քաղաքացիները», - ասաց Դանիելյանը: - «Քաշաթաղի շրջանը (Լաչին) նույնպես ընդգրկված է»:


Ռուզաննա Ստեփանյան