Նալչիկում իրավիճակը կայունանում է

Ուրբաթ օրը Ռուսաստանի ուժային կառույցների հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկ ներխուժած վահաբական «Յարմուխ» խմբավորման գրոհայինների դիմադրության վերջին կետերը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Կաբարդինա-Բալկարիայի կառավարության ղեկավար Գենադի Գուբինը հայտարարել է, որ գրոհայինների հարձակման արդյունքում առնվազն 85 մարդ ՝ 61 գրոհային եւ Ռուսաստանի ուժային կառույցների 24 աշխատակիցներ, զոհվել են: Ձերբակալվել է 27 գրոհային, 58 ոստիկան վիրավորվել է:

Իսկ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ զոհվել են 14 եւ վիրավորվել 115 խաղաղ բնակիչներ:

Ներկայումս կյանքը Նալչիկում աստիճանանաբար վերադառնում է իր նորմալ հունին, թեեւ տրանսպորտը մասնակի է աշխատում, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, քաղաքի կենտրոնում գտնվող խանութները:

Հինգշաբթի օրը Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մարտեր էին ծավալվել այն բանից հետո, երբ 100-150 գրոհայիններ փորձել էին գրավել քաղաքի բոլոր ուժային կառույցները: Ռուսաստանի իրավապահները կարծում են, որ ակցիան ձեռնարկվել է ուժային կառույցների ուշադրությունը՝ մինչ այդ Նալչիկի մոտակայքում շրջափակված կրոնական ծայրահեղական զինված խմբի ոչնչացման գործողությունից շեղելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ամբողջապես շրջափակել Նալչիկը, որպեսզի ոչ մի գրոհային չկարողանա հեռանալ քաղաքի սահմանագծից: Բացի այդ, նախագահը ցուցում էր տվել գնդակահարել բոլոր զինված մարդկանց եւ նրանց, ովքեր դիմադրություն ցույց կտան: