Անդրադառանալով Նոր Հաճընում քաղաքապետի պաշտոնում սպանության համար ձերբակալված Արմեն Քեշիշյանի վերընտրվելու փաստին՝ «Հայկական ժամանակ»-ը բանաձեւում է, թե դա վկայում է, որ «մեր ժողովուրդը «ճիշտը» հարգող ժողովուրդ է»: «Առավոտ»-ի խմբագիրը, փաստելով, որ քաղաքապետի նախընտրական շտաբը շարունակում էր քարոզել իր թեկնածուի օգտին այնպես, կարծես ոչինչ չի պատահել, կարծես իրենց թեկնածուն չէ, որ 6 թե 7 փամփուշտ է դատարկել մարդու մարմնի մեջ, առավել զարմանալի է համարում Նոր Հաճընի քաղաքացիների վարքագիծը. - «Մարդասպանության փաստը նրանց սրտերում ներքին ընդդիմություն, ըմբոստություն կամ բողոք չի առաջացրել: Այն, որ իրենց ընտրյալը մարդկային կյանք է խլել, այդ բնակիչների համար առաջնային նշանակություն չուներ... Առաջնայինը իրենց համար, հավանաբար, 5 հազար դրամն էր, որ, ըստ լուրերի, բաժանել են քաղաքապետի կողմնակիցները»:
«Անցած շաբաթասկզբի ավանդային էյֆորիան արդեն շաբաթավերջին տեղը զիջեց վատ կանխատեսումների տրամադրությանը, երբ պարզ դարձավ, որ 2006 թվականի երկրի բյուջեում ավանդների վերադարձի համար նախատեսված կլինի ընդամենը 1 միլիարդ դրամ՝ բյուջեի ընդամենը 0,2 տոկոսը», - ներկայացնում է «Ազգ»-ը՝ հեգնելով. - «Անմիջապես հետեւեցին հիասթափված արձագանքներ, կարծես մեր քաղաքական գործիչներն ապրում են լուսնի վրա... Կարծես իրենք չեն ամեն տարի հաստատում երկրի բյուջեն, եւ ինչ-որ թաքնված ֆինանսական հնավարություններ կան, որոնց մասին ուրիշները չգիտեն, բայց իրենք գիտեն ու չեն ասում»:
«Հայոց աշխարհ»-ում անդրադառնալով Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի սեմինարում հնչած զեկույցներին՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նաեւ առանձնացնում է. - «Հատուկ կնշեի թուրք պատմաբան Հալիլ Բերքթայի ելույթը, ով, ըստ էության, ասաց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել: Կարծում եմ, սա ցուցանիշ է»: «Առավոտ»-ի մատուցմամբ եւս՝ թուրք պատմաբանի գնահատմամբ, հայերին տեղահանել ու ոչնչացրել են միայն հայ լինելու պատճառով: «1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած իրադարձությունները աներկբա ցեղասպանություն էին... Բացի այդ», - փոխանցում է «Առավոտ»-ը, - «թուրք պատմաբանը հիշատակեց, որ կան տեղեկություններ տեղահանված հայերին ոչնչացնելու գաղտնի հանձնարարականների մասին»:
«Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի որդու կողմից իրականացված վրաերթի պատմությունը հանգել է տրամաբանական ավարտի», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի գնահատմամբ, հանգուցալուծումը կարող է տրամաբանական համարվել հայաստանյան տեսակետից: Ըստ այդմ՝ երկրում «ձեւավորվել է մի խավ, որը օրենքով չնախատեսված բազմաթիվ արտոնություններ ունի, իսկ դրանցից ամենակարեւորը օրենքի եւ հասարակության առաջ պատասխանատու չլինելու արտոնությունն է»: Այս նախաբանից հետո թերթը ներկայացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հիմնավորումը. - «Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ավտովարորդ Արա Վարդանի Օսկանյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»:
«Այս անգամ էլ, ինչպես 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր, ընդդիմությունը գործելու է առանձին-առանձին», - արձանագրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Տակտիկական հարցերում ինչ-որ համաձայնություններ, իհարկե, ձեռք են բերվել, բայց... տպավորությունն այնպիսին է, թե ընդդիմությունը հատուկ այնպիսի ծրագիր է ընդունել, որ հնարավորինս հեշտացնի իշխանությունների վիճակը»:
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին արդեն ուղարկվել է հրավեր, եւ 40 պատգամավորներից բաղկացած պատվիրակություն կժամանի Երեւան՝ հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով», - «Հայոց աշխարհ»-ում տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով, թե ամենակարեւորը սահմանադրական փոփոխությունների նախագիծը ժողովրդին ներկայացնելն է. - «Ուղղակի քարոզչության ընթացքում ժողովրդին պետք է մատչելի բացատրել, որ կողմ կամ դեմ լինելը չի նշանակում աջակցել իշխանություներին կամ ընդդիմությանը: Հայաստանը մի տեւական շրջան ապրելու է այդ Սահմանադրությամբ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը ժամանակավոր են»:
«Ժողովուրդը «ոչ» չի ասում սիրուն եւ գեղեցիկ շարադրված սահմանադրական փոփոխությունների տեքստին, այլ «ոչ» է ասում իշխանություններին», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում շեշտադրում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ի պատասխան թղթակցի հարցին, թե ինչո՞ւ «Ազգային միաբանություն»-ը որոշեց չմիանալ սահմանադրական փոփոխությունները մերժող 16 կուսակցություններին եւ որոշեց բացել սահմանադրական «ոչ»-ի երկրորդ ճակատը, Արտաշես Գեղամյանը պարզաբանում է. - «Այն սցենարը, որը մշակված էր իշխանական վերնախավում, այն է՝ աջակցել միասնական ընդդիմադիր ճակատի ստեղծմանը, այնուհետեւ վարկաբեկել եւ տապալել ընդդիմության միասնական գործողությունները, ձախողվեց»:
«Շենգավիթ համայնքի ավագանու ընրությունների արդյունքների քննության ժամանակ դժգոհ մնալով դատավոր Իշխան Բարսեղյանի որոշումից, որով ընտրությունները վավեր են ճանաչվել, ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արարատ Խլվաթյանը բաժակով խփել է դատավորի ճակատին եւ փախել», - տեղեկացնում է «Գոլոս Արմենիի»-ին: Ոստիկանությունից թերթին փոխանցել են, որ միջադեպի կապակցությամբ քննություն է անցկացվում եւ 10 օրվա ընթացքում պարզ կլինի, թե արդյո՞ք քրեական գործ կհարուցվի». - «Մինչ այսօր ոստիկանությանը անհայտ է Արարատ Խլվաթյանի գտնվելու վայրը»:
Հրաչ Մելքումյան