Սերժ Սարգսյանը հերքում է կապը ղարաբաղյան հարցի եւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության միջեւ

Ուրբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հերքեց նախօրեին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող սեմինարի ընթացքում հնչած դիտարկումը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո հնարավորություն կստեղծվի Հայաստանից դուրս բերել ռուսաստանյան զորքերը:

Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը երեկվա իր զեկույցում ասել էր, որ Ռուսաստանի զորքերը Հայաստանում են հյուրընկալող կողմի համաձայնությամբ, որովհետեւ, ըստ նրա, Հայաստանին մտահոգում է Ադրբեջանի կողմից հնարավոր զինված հարձակումների սպառնալիքը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը «Ազատություն» ռադիոկայանին այդ կապակցությամբ ասաց, թե Բրայան Ֆոլի զեկույցը առաջին հերթին «մարդկանց դրդում էր մտածել»:

«Նրա կանխավարկածային ելույթում հնչեցվել են հռետորական հարցեր, որոնք այսօր արդիական չեն», - ավելացրեց դեսպանը:

«Ես չգիտեմ, թե նա երբ է նման բան ասել եւ չգիտեմ, թե Հայաստանի պաշտոնյաներից եւ ներկայացուցիչներից ովքեր են եղել, որովհետեւ անմիջապես պետք է ուղղվեր եւ ասվեր, որ ռուսաստանյան զորքերը առնչություն չունեն Ղարաբաղի հետ եւ Ադրբեջանի մեր հարաբերությունների հետ», - այդ կապակցոթւյամբ այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Ռուսական զորքերը Հայաստանում են գտնվում են Հայաստանի պետության խնդրանքով ու առաջարկությամբ, համաձայն պայմանագրի եւ կազմում են մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ մասը: Եվ եթե ուզում եք, որ կոնկերտ նշվի, թե որ երկրների հետ հարաբերություններում կարող են օգտակար լինել ռուսական զորքերը, ապա ասեմ, որ ԱՊՀ սահմաններից դուրս երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ: Թուրքիան մեր նկատմամբ մինչեւ այսօր թշնամական քաղաքականություն է վարում: Թե հետագայում ինչպիսին կլինի՝ կտեսնենք»:

«Ռուսական զորքերը Հայաստանում են մեր պետության խնդրանքով, մեր իսկ շահերից ելնելով եւ մենք ենք որոշելու, թե դրանք ինչքան են լինելու Հայաստանում», - եզրափակեց պաշտպանության նախարարը:

Սերժ Սարգսյանի ելույթը սեմինարի այսօրվա նիստում նվիրված էր Հարավային Կովկասում պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: Ելույթից հետո նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանը:

Ռուսաստանի ներկայացուցիչը, մասնավորապես, հարց ուղղեց նախարարին, թե արդյո՞ք իրատեսական է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի բարեփոխումը այդ կառույցների հետ միաժամանակ համագործակցելու պայմաններում. - «Այն, որ Հայաստանն իր անվտանգությունը մի քանի զամբյուղում է տեղավորում, ձեր կարծիքով ավելի շահավե՞տ է, քան եթե միայն ՆԱՏՕ-ի հետ ուղղակի համագործակցություն լիներ»:

Ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարը ասաց. - «Կարծում եմ, որ Հայաստանը իր անվտանգությունը տարբեր զամբյուղներում չի տեղավորում: Ընդհակառակը՝ Հայաստանը իր անվտանգության զամբյուղը համալրում է տարբեր բաղադրիչներով»:


Կարինե Քալանթարյան