Տվերի հայ համայնքի ղեկավարի սպանության հետքերը «կարող են տանել դեպի Հայաստան»

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը երկու օր առաջ Տվեր քաղաքում մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանի սպանության առնչությամբ արձանագրում է, թե «չի բացառվում, որ հանցագործության հետքերը կարող են տանել դեպի Հայաստան»:


«Անցած տարի», - հիշեցնում է մոսկովյան թերթը, - «գործարար Թունյանի ծննդավայր Կիրովականում սպանվել են նրա երկու մերձավոր ազգականները, որոնցից մեկը «թաղային հեղինակություն» էր»:

Չորեքշաբթի օրը, երբ Թունյանը եւ նրա ուզբեկ օգնականը մեքենայով մոտեցել են Թունյանի տանը, սլավոնական արտաքինով եւ մարզական հագուստով երկու անձ կրակ էին բացել մեքենայի վրա, ինչի արդյունքում 47-ամյա Թունյանը եւ նրա օգնականը սպանվել էին:

«Կոմերսանտ»-ը փաստում է, որ Ռուսաստանի վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Թունյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն Տվերի 10-հազարանոց հայ համայնքում, այլեւ ողջ մարզում:


Արմեն Դուլյան, Պրահա