ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը

Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 61-րդ «Ռոուզ Ռոուդ» սեմինարում այսօր քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:

Տպավորություն կա, որ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը զուգահեռ, գործընթացին անուղղակի մասնակցություն են բերում նաեւ այլ միջազգային կառույցներ: Անցյալ ամիս Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել էր, թե Մինսկի խումբը կարող է իր իրավասությունների մի մասը փոխանցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին: Ճգնաժամերի միջազգային խումբը խնդրի կարգավորման շուրջ իր առաջարկներն էր հրապարակել անցյալ ամիս տարածած զեկույցում եւ այսօրվա սեմինարում խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը մանրամասն ներկայացրեց իրենց պատկերացումներն ու առաջարկները լուծումների վերաբերյալ:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ բանակցությունների ֆորմատը ընդլայնվելու միտում ունի, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Քննարկումներ ամեն տեղ կարող են լինել: Նույնիսկ դրանք օգտակար են: Բայց հարցի կարգավորման մեկ կառույց կա՝ դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:

Ադրբեջանը, ըստ Հայաստանի արտգործնախարարի, կարող է հարցը ներկայացնել տարբեր ֆորումներում, անգամ փորձել բանաձեւեր անցկացնել. - «Բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է կարգավորել միայն ու միայն Մինսկի խմբի շչջանակներում: Միակ մեխանիզմը, որ կա այսօր, որի շրջանակներում հնարավոր է հարցը լուծել, եւ միջազգային հանրությունը այդպես էլ ճանաչում է՝ դա Մինսկի խումբն է»:

Այսօրվա քննարկման ընթացքում որոշ դիտորդներ նույնիսկ սենսացիոն որակեցին Ճգնաժամերի միջազգային խմբի առաջարկները, թեեւ դրանք հրապարակվել էին դեռ սեպտեմբերին: Ըստ Սաբինա Ֆրեյզերի, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում սերունդ է փոխվել, այսօրվա սերունդն արդեն չի հիշում, թե խորհրդային տարիներին ինչպես էին համատեղ ապրում, եւ որքան ձգձգվեն բանակցությունները, այնքան ավելի բարդ կլինի լուծումներ գտնել: Ուստի Ճգնաժամերի միջազգային խումբն առաջարկում է նախ գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական զորքերը, տեղակայել խաղաղապահ ուժեր, նախկին բնակավայրերը վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, իսկ հետո կարելի է նաեւ հանրաքվե անցկացնել: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը թողնել հարմար պահի:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով hատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իրատեսական է համարում Ճգնաժամերի միջազգային խմբի առաջարկները, պատասխանեց. - «Ողջունելի է, որ հասարակական կազմակերպություններն իրենց առաջարկներն են անում: Ես կարծում եմ, որ ոչ միայն այս, այլեւ այլ զեկույցներ կարող են նկատի ունենալ կողմերը: Բայց որոշում կայացնողն ի վերջո նրանք են: Բանակցությունները երկար ժամանակ է, ինչ ընթանում են, եւ հիմա այդ առաջարկները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ այն հարցերի վրա, որոնք դեռեւս քննարկված չեն»:

«Հույս ունեմ, որ հաջորդ տարվա սկզբին արդեն հանգուցալուծում կգտնվի, երբ Ադրբեջանում ավարտված կլինեն խորհրդարանական ընտրությունները: Իսկ հիմա բանակցությունների ձեւաչափը չենք փոխի: Հաջորդ փուլերում, իհարկե, կարող են միանալ նաեւ մյուս կողմերը», - պատասխանելով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններում ներգրավվելու հնարավորությունը վերաբերող հարցին, ասաց Լենմարկերը:


Կարինե Քալանթարյան