Եվրամիությանը անդամակցելու դեպքում Թուրքիան տարեկան կստանա մոտ 28 միլիարդ եվրո

Բելգիական «Լիբր Բերժիկ» թերթը երկուշաբթի օրը հրապարակել է հատվածներ Եվրահանձնաժողովի փակ զեկույցից, ըստ որի, եթե Թուրքիան մինչեւ 2015 թվականը դառնա Եվրամիության լիիրավ անդամ, ապա մինչեւ 2025 թվականը Թուրքիային Եվրամիության կողմից հատկացվող գումարները տարեկան կկազմեն 15,5-ից մինեւ 28 միլիարդ եվրո:

Եվրահանձնաժողովի փորձագետների՝ դեռեւս 2004 թվականի հոկտեմբերին պատրաստած զեկույցում նշվում է, որ դրական կողմերի հետ մեկտեղ, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ ազդեցություն կունենա կազմակերպության կառույցների վրա՝ հաշվի առնելով երկրի բնակչության թիվը (71 միլիոն):