Բաքվի ոստիկանությունը կրկին ցրել է ընդդիմության հանրահավաքը

Բաքվի ոստիկանությունը շաբաթ օրը ցրել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Ազադլիգ» ընդդիմադիր ընտրական դաշինքի կողմնակիցների չարտոնված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին ազատ եւ արդար ընտրությունների անցկացում:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ընդդիմությունը պնդում է, որ ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով վիրավորվել են տասնյակ ցուցարարներ: Ոստիկանության տվյալներով, հանրահավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 1000-ը, մինչդեռ ընդդիմադիրները հայտարարում են, որ ցուցարարների թիվը շատ ավելի է եղել: Միջադեպի արդյունքում ձերբակալվել է 34 մարդ:

«Ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել հարյուրավոր մարդկանց: Ավելի քան 200 ցուցարարներ ձերբակալվել են», - հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ ավելացրել. - «Մենք կպայքարենք քաղաքացիների իրավունքների եւ երկրում ժողովրդավարական նախընտրական իրավիճակ ստեղծելու համար: Իշխանությունների անօրինական արգելքը չի կանգնեցնի մեր պայքարը»:

Հինգշաբթի օրը ձախողվել էր Ադրբեջանի իշխանությունների եւ «Ազադլիգ» դաշինքի միջեւ երկխոսությանը, որի ընթացքում պիտի քննարկվեր ցույցերի եւ հանրահավաքների անցկացման շուրջ ստեղծված իրավիճակը: