Խորհրդարանը հաստատեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրը վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Գրանցված 100 պատգամավորներից 90-ը կողմ քվեարկեցին նախագծին:

Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին: «Ազգային միաբանության» պատգամավորները դեռ երեկ հայտարարել էին, որ իրենց առաջարկները չընդունվելու պարագայում իրենք բոյկոտելու են քվեարկությունը: Այսօր նրանց փաստորեն միացան նաեւ «Արդարություն» դաշինքի պատգամավորները:

Ազգային ժողովի եւ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, կոալիցիոն կուսակցություններն այլեւս կսկսեն աշխատել քարոզչական մեխանիզմների վրա:

«Պետք է մարդկանց հնարավոր բոլոր միջոցներով եւ հնարավոր բոլոր ճանապարհներով պարզ, սովորական, մարդկային լեզվով բացատրել, թե այս փոփոխությունները ինչ են փոխելու իրենց կյանքում ու երկրի կյանքում», - ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ աշխատանքը «լիարժեք արվելու» դեպքում «որեւէ մեկը չի վարանի կողմ քվեարկել այս նախագծին»:

Այդ նպատակով կստեղծվի քարոզչական շտաբ, որն էլ կկանոնակարգի քաղաքացիների շրջանում նախագիծն ավելի լայն տարածելու գործը: Ֆինանսական միջոցներ այդ նպատակով կառավարությունը դեռ չի առանձնացրել, եւ, Թորոսյանի հավաստմամբ, հատկացվելիք միջոցների չափն էլ դեռ որոշված չէ:

«Տարբեր այլ աղբյուրներից միջոցներ կարող են հատկացվել», - փոխանցեց ԱԺ փոխխոսնակը: - «Մասնավորապես, ես տեղյակ եմ, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն պատրաստում է մոտ 100 հազար եվրոյի աջակցության մի ծրագիր»:

Այսօր կոալիցիայի թիվ մեկ խնդիրը, սակայն, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, «անբիծ» շտաբի պետ գտնելն է:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար նախընտրելի է, որ քարոզչական շտաբը ղեկավարի ոչ թե քաղաքական գործիչ, պաշտոնյա, այլ գիտնական, հասարակական գործունեությամբ զբաղվող մեկը, ով վայելում է ժողովրդի վստահությունը:

Գալուստ Սահակյանը, ընդակառակը, համարում է, որ այս պատասխանատու գործընթացը միմիայն փորձառու քաղաքական գործչի արժե վստահել:

«Շտաբը պիտի ղեկավարի հենց կոալիցիոն խորհուրդը», - ավելացրեց Սահակյանը:

Ընդդիմադիրները, մինչդեռ, կարծում են, որ փնտրտուքն անիմաստ է:
«Իշխանությունները որեւէ մաքուր մարդ չեն թողել, որ նա ղեկավարի նրանց նախընտրական շտաբը: Այսինքն՝ բոլորին վարկաբեկել են իրենց շրջանում», - ասաց «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Սահմանադրական հանրաքվեի օրը պարզ կդառնա նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո: Տիգրան Թորոսյանի ենթադրությամբ, հանրաքվեն տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում:

Այսօր խորհրդարանականներն ընդունեցին նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:


Աստղիկ Բեդեւյան