«Ժառանգություն» կուսակցությունը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին

Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած «Ժառանգություն» կուսակցությունը մերժում է գալիք նոյեմբերին հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ համալրելով հանրաքվեն բոյկոտելու կամ փոփոխություններին դեմ քվեարկելու կոչով արդեն հանդես եկած ընդդիմադիր քաղաքական ուժերի շարքը:

Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու որոշումը ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության երեկվա նիստում: Իսկ այսօր տարածված հայտարարության մեջ, կուսակությունը նշում է. - «Սահմանադրության առկա տարբերակը` որքան էլ առանձին վերցրած բարեփոխված պատկերանա, ըստ էության կիսաքայլերի հավաքածու է եւ անառողջ հանգամանքների թելադրանք»:

«Եթե ներկա պայմաններում տվյալ փաստաթուղթը դրվի հանրաքվեի, կարեւորագույն խնդիրը դառնալու է ոչ թե դրա բովանդակային փոքր առավելությունը, այլ ժողովրդավարության հրամայականը` ազատ, արդար եւ իրապես մասնակցային ընտրական ընթացակարգի ապահովումը», - ասված է հայտարարության մեջ: - «Ցանկացած խախտում կամ կեղծիք` լինի քարոզչական շրջանում, քվեարկության օրը, թե հաշվառման հանգրվանում, հարվածելու է Հայաստանի Հանրապետությանը, նրա վարկին ու ապագային, նրա յուրաքանչյուր քաղաքացու»:

Հայտարարության հեղինակները վստահեցնում են, որ «Ժառանգություն» կուսակցությունը «համակ իր կարողականությամբ կանգնելու է հանուն գործընթացի ժողովրդավարության եւ ի շահ ժողովրդավարական ցանկացած արդյունքի»:

Պարզաբանելով այս վերջին դիրքորոշումը, կուսակցության վարչության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը ասաց. - «Սահմանադրությունը պետք է ընդունվի ոչ այնպիսի մթնոլորտում, ինչպիսին այսօր Հայաստանում է: Հակառակ դեպքում այս Սահմանադրությունն էլ կարժանանա նախորդի ճակատագրին»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում պատասխանելով ընտրելիք մարտավարությանը վերաբերող հարցին, Խաչատրյանը փոխանցեց, որ իրենք ակտիվ բանակցություններ են վարում ընդդիմադիր ուժերի հետ:

«Արդարություն» դաշինքն էլ առայժմ մարտավարության հետ կապված վերջնական դիրքորոշում չի հայտնել: Դաշինքի անդամ կուսակցությունների մի մասը կողնակից է բոյկոտին, մյուսները՝ մասնակցելուն եւ «ոչ» ասելուն:

«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Վիկտոր Դալլաքյանի մեկնաբանությամբ, ընդդիմադիր բոլոր ուժերը, ըստ էության, դեմ են սահմանադրական փոփոխություններին. խնդիրը միայն մարտավարության ընտրության մեջ է:

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը մոտ 10 օր առաջ է հրապարակել հանրաքվեն բոյկոտելու մասին որոշումը: Կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համոզված է, որ ընդդիմադիր ուժերն այս անգամ ի վերջո կկարողանան միավորվել:

«Այո, ընդդիմությունը պարտադրված է, դատապարտված է հանրաքվեի հարցով միավորվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Նրանք պարտավոր են միավորվել եւ պարտավոր են միասնական ճակատով հանդես գալ»:

Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ «լուրջ բանակցություններ» են ընթանում Սահմանադրության փոփոխությունները մերժող ինչպես խորհրդարանում ներկայացված, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջեւ:


Կարինե Քալանթարյան