Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը քննարկել եւ ուժի մեջ է թողել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Հաջիաղա Նուրիեւի թեկնածությունը չգրանցելու մասին որոշումը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, այս կապակցությամբ Հաջիաղա Նուրիեւը նշել է, թե մտադիր է դիմել նաեւ Ադրբեջանի Գերագույն դատարան, իսկ եթե դա էլ չօգնի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Կատարվածը Ադրբեջանի ԿԸՀ-ի եւ դատական մարմնի կողմից օրենքի լիակատար անտեսում է: Համոզված եմ, որ գործ ունեմ պետական պատվերի հետ՝ նրանք հատուկ փորձում են զրկել ինձ պատգամավոր դառնալու հնարավորությունից», - նշել է Նուրիեւը:

Ադրբեջանի ԿԸՀ-ում Հաջիաղա Նուրիեւի թեկնածության գրանցման հարցը անցած շաբաթ բարձրացրել էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Վիդադի Մահմուդովը: Նա նշել էր, որ Նուրիեւը ընդգրկված է «Ադրբեջանամետ ուժերի դաշինք»-ի կազմում, սակայն ցուցակով անցնում է որպես ԿԸՀ-ում ընտրություններին մասնակցելու իրավունք չստացած Իսլամական կուսակցության ներկայացուցիչ: