Վալենտինա Մատվիենկո. «Ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ սարսափելի չարագործությունը»

Չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, որը նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ նախորդ օրը ժամանել էր Հայաստան, այցելել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Ծիծեռնակաբերդում Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հավերժական կրակի մոտ, նաեւ գրառում կատարել Ցեղասպանության թանգարանի մատյանում:

«Խորապես ցնցված ենք մարդկության դեմ իրագործված հրեշավոր հանցագործությունից՝ հայ ժողովրդի ցեղասպանությունից: Ներում չկա նրանց համար, ովքեր կատարել են այդ հանցագործությունը: Ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ սարսափելի չարագործությունը», - գրել է Վալենտինա Մատվիենկոն:

Նույն օրը Սանկտ Պետերբուրգի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զրույցի ընթացքում, ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, նախագահ Քոչարյանը ասել է, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում մտադիր է 2006 թվականի հունվարին այցելել Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ: