Համաշխարհային բանկը մեղմել է իր դիրքորոշումը բաշխիչ ցանցերի վաճառքի հարցում

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը երեքշաբթի օրը, անդրադառնալով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերության կողմից իր սեփականության 100 տոկոս բաժնեմասը ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը վաճառելու դիմումին, որ ներկայացվել է Հայաստանի կառավարություն եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ասաց, որ իրենք «վստահում եւ հավատում են կարգավորող մարմնին»:

«Կառավարությանը դիմելը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, լիցենզիայի եւ ցանցերի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրին», - ասաց Ռոբինսոնը՝ նշելով, որ իրենք հենց դա էին պահանջում:

Նա հավելեց, թե, անշուշտ, ինքը չի կարող ասել, թե ինչ որոշում կընդունի Հայաստանի կառավարությունը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ցանցերը ռուսաստանյան ընկերությանը հանձնելը չի՞ հանգեցնի հոսանքի արտադրության եւ բաշխման գերմենաշնորհի, բանկի ներկայացուցիչը ասաց, թե դրան պետք է հակազդի կարգավորող մարմնի ուժը, որին իրենք «վստահում եւ հավատում են»:

«Ես կարծում եմ, որ ուժեղ եւ կոմպետենտ կարգավորչի պարագայում շատ պրոբլեմներ, որոնց շուրջ որոշ մարդիկ մտահոգություններ ունեն, ինքնըստինքյան կհարթվեն», - հավելեց նա՝ վկայակոչելով Ֆրանսիայի էներգետիկայի փորձը, որտեղ հոսանքի արտադրությունը, փոխանցումը եւ վաճառքը կենտրոնացված են մեկ մենատիրոջ՝ «Էլեքտրիսիթե դե Ֆրանս»-ի ձեռքում:


Ատոմ Մարգարյան