Նախագահների հանդիպումը «դաշտ է բացում» արտգործնախարարների աշխատանքը շարունակելու համար

Երեքշաբթի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի՝ Կազանում շաբաթավերջին տեղի ունեցած բանակցությունների մասին, կարեւոր բնորոշեց, որ այդ հանդիպումը «դաշտ է բացում նախարարներին՝ իրենց աշխատանքը շարունակելու համար»:

Թեեւ Կազանում «բեկում չի արձանագրվել», Վարդան Օսկանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս հանդիպումը՝ նշելով, որ բանակցությունները «դրական հունով են ընթանում» եւ «արտգործնախարարները փակուղում չեն»:

«Մենք փակուղու մեջ չենք. նախագահները դրական են գնահատում հանդիպումը: Եվ ես, հաշվի առնելով այն հանձնարարականը, որ բոլորի ներկայությամբ տրվեց նախարարներին, գտնում եմ, որ դա դրական հանդիպում է եղել եւ պրոցեսը իր շարունակությունը կունենա»:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է աշնանը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, Վարդան Օսկանյանը ասաց. - «Այս պահի դրությամբ, անկախ ռեֆերանդումից եւ ընտրություններից, դեռեւս մենք չենք հասել այն փուլը, որ պետք է հանրությանը իրազեկ դարձնել մանրամասներին... Ուղղակի մոտ չենք նույնիսկ որեւէ բան թղթի վրա դնելու»:


Հրաչ Մելքումյան