Հայաստանյան հասարակական կազմակերպությունը ցանկություն է հայտնել որպես դիտորդ մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

Դեռեւս հուլիսին հայաստանյան «Ազատ Հայք» հասարակական կազմակերպությունը դիմել էր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)` ցանկություն հայտնելով դիտորդական առաքելությամբ մասնակցել հարեւան պետությունում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Կազմակերպության ղեկավար Ռուբեն Մնացականյանը իր դիմումում նշել էր, թե իրենք «հավատում են համագործակցության հեռանկարին եւ հայցում են Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունն ու անվտանգության երաշխիքների ապահովումը դիտորդի կարգավիճակում Միլի Մեջլիսի առաջիկա ընտրություններում Բաքու ժամանելու համար»:

Տեսնելով, որ պատասխանն ուշանում է, «Ազատ Հայք»-ը Ադրբեջանի ԿԸՀ-ին հղած իր դիմումի մեկ օրինակն էլ փոխանցել էր Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին՝ փորձելով նրանց միջոցով կապ հաստատել ադրբեջանցիների հետ:








Դիտորդ լինելու մեծ ցանկությունը Ռուբեն Մնացականյանն այսպես է մեկնաբանում. - «Նպատակը մեկն է՝ բարի կամքի դրսեւորում, երկու ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների հաստատում»:

Պաշտոնական պատասխան «Ազատ Հայք»-ի դիմումին թեեւ չի ստացվել, բայց Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահը այսօր «Զերկալո» թերթին ասել է. - «Դիմելը հայերի իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե զավթիչ պետության կառույցները կարող են գրանցվել նաեւ մեր կողմից»:


Աստղիկ Բեդեւյան