Հետաքննությունների բյուրոյի աշխատակիցը պնդում է, որ թուրքերը փող են առաջարկել ամերիկյան Կոնգրեսի խոսնակին

Միացյալ Նահանգների թուրքական կազմակերպությունները եւ թուրք դիվանագետները 2000 թվականին մտադրվում էին մոտ կես միլիոն դոլար նվիրաբերել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին՝ կանխելու համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակիցներից մեկը:

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Սիբել Էդմոնդսը, ով թարգմանիչ է աշխատել Հետաքննությունների դաշնային բյուրոյում, «Վենիթի ֆեյր» ամսագրի առաջիկա համարում, որը լույս է տեսնելու սեպտեմբերին, հրապարակելու է իր թարգմանած ձայնագրությունները, որոնք վկայում են, որ Ամերիկայի թուրքական կազմակերպությունները եւ Թուրքիայի հյուպատոսությունը Չիկագոյում մտադրվում էին 500 հազար դոլարի նվիրատվություն անել Հասթերթի նախընտրական արշավի համար: Հանգանակությունը պետք է արվեր մինչեւ 200 դոլար փոքր նվիրատվությունների ձեւով, քանզի այդպիսի նվիրատվություններ անողից չի պահանջվում բացահայտել իր ինքնությունը:

Ապագա հոդվածում կասկածի տակ է առնվում, թե արդյո՞ք Հասթերթը ստացել է թուրքերի առաջարկած գումարը: Սակայն որոշ ամերիկյան լրատվամիջոցներ փաստում են, որ Հասթերթի ընտրարշավների ժամանակ միշտ շատ են եղել նվիրողի ինքնությունը հրապարակել չպահանջող փոքր նվիրատվությունները:

2000 թվականին Հասթերթը կողմնակից էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկմանը: Սակայն վերջին պահին նախագահ Բիլ Քլինթոնը զանգահարել է խոսնակին եւ խնդրել քննարկման չդնել բանաձեւը՝ պատճառաբանելով, որ դա բարդություններ կառաջացնի ԱՄՆ-ի միջազգային հարաբերություններում, ինչից հետո Հասթերթը հետ է վերցրել բանաձեւը:


Արմեն Դուլյան, Պրահա