Միջուկային էներգիայի միջազգային գործակալության նախագահը գոհ է Հայաստան կատարած այցի արդյունքներից

Երկօրյա այցի ավարտին Միջուկային էներգիայի միջազգային գործակալության նախագահ Մոհամմեդ Էլ Բարադեյը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում իր գոհունակությունը հայտնեց հայաստանյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ:

«Այցիս նպատակն էր Հայաստանի կառավարության հետ քննարկել մեր համագործակցության մակարդակը եւ մեր գործունեություն հեռանկարները, ինչպես նաեւ միջուկային էներգետիկայի զարգացմանն ու միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրներ», - ասաց Էլ Բարադեյը: - «Մենք ակտիվ ծրագրեր ունենք նաեւ քաղցկեղի ճառագայթային թերապիայի ոլորտում»:

«Բանակցությունները բավականին կառուցողական էին», - Հայաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարների հետ հանդիպումների մասին ասաց Էլ Բարադեյը: - «Այդ հանդիպումներում մատնանշեցինք այն հարցերը, որոնց շուրջ դեռ պետք է աշխատանք տարվի»:

Նրա խոսքերով, տարվելիք աշխատանքը վերաբերում է, մասնավորապես, Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը:

«Մենք համատեղ աշխատանք ենք տանում Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմակայանի ռեակտորի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ, եւ դա էր մեր քննարկումների առանցքային խնդիրը», - ասաց նա: - «Ես գոհ եմ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մակարդակից եւ նրանց պատասխանատու վերաբերմունքից... Մենք շարունակելու ենք համագործակցել ատոմակայանի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ»:

Էլ Բարադեյի խոսքերով, Հայկական ատոմակայանի փակման՝ Եվրամիության կողմից բարձրացվող հարցը ներկա այցի ընթացքում չի քննարկվել:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն շարունակել Մեծամորի ռեակտորի շահագործումը եւս տասը տարի», - ասաց նա: - «Հայաստանի գործն է, թե երբ դադարեցնել ռեակտորի աշխատանքը: Բնականաբար, մտահոգություն կա դրա անվտանգության վերաբերյալ, եւ մենք աշխատում ենք Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի ռեակտորի անվտանգությունը հասցնենք միջազգային մակարդակի: Մենք կարծում ենք, որ ռեակտորի անվտանգության մակարդակը հիմա ավելի բարձր է»:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե Մեծամորի ատոմակայանի թափոնները թաղվում են Լեռնային Ղարաբաղում: Հարցին, թե Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը որեւէ տեղեկատվություն ունի այդ մասին, Էլ Բարադեյը պատասխանեց. - «Մենք դրա մասին որեւէ տեղեկություն չունենք: Եվ եթե կան ինչ-որ մտահոգություններ ռադիոակտիվ թափոնների վերաբերյալ, մենք պատրաստ ենք ստուգել դրանց իսկությունը»:

Մոհամմեդ Էլ Բարադեյը երեկ եղել է Հանրապետական ուռուցքաբանության կենտրոնում: «Շատ ուրախ եմ տեսնել, որ այժմ ավելի շատ հիվանդներ հնարավորություն ունեն բուժվելու նոր սարքավորումներով, որոնք տրամադրել է մեր գործակալությունը», - ասաց նա:


Արմեն Զաքարյան