«Հանրապետություն»-ը հեղափոխության կոչ է անում

Չորեքշաբթի օրը «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության եւ ակտիվի հանդիպման ժամանակ կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի իր գործընկերներին կոչ արեց միանալ իրենց. - «Մենք ասում ենք, տղե’րք, եկեք փողոց դուրս գանք»:

«Չգան էլ, մենակ ենք վերցնելու պատասխանատվությունը», - արդեն Համազգային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում հավաքվածներին ասաց կուսակցության առաջնորդը: - «Բայց հիշեք, մի ամիս հետո իրենք մեզնից բարձր են գոռալու էդ «հեղափոխություն» բառը»:

Կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը իր ելույթում ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց վերանայել Սահմանադրության փոփոխությունների գործընթացի հետ կապված իրենց որոշումը՝ ավելացնելով. - «Հակառակ դեպքում «Հանրապետություն» կուսակցությունը «Արդարություն» դաշինքից իրեն սահմանազատելու որոշում կկայացնի»:

Քաղխորհրդի մեկ այլ անդամ՝ Գեղամ Հարությունյանը, իր հերթին, ասաց, թե «Արդարության» իրենց գործընկերները, ի վերջո, «ոչ» են ասելու սահմանադրական փոփոխություններին, բայց դա ուշացած «ոչ» է լինելու, եւ «Արդարությունը»-ը վերածվելու է «հաստիքային» ընդդիմության:

Հարությունյանի կարծիքով, ընդդիմության համար պատասխանատվությունը հիմա երեք հիմնական ուժեր են կրում՝ «Հանրապետություն», ՀԺԿ, «Ազգային միաբանություն» կուսակցությունները:

Բանախոսները ժողովրդի միջոցով իրականացնելիք հեղափոխության միայն սկիզբն են համարում իշխանափոխությունը:

«Հայաստանում դեմոկրատական հեղափոխությունն անհրաժեշտություն է, դա ո’չ սոցիալական բունտ է լինելու, ո’չ էլ վրեժխնդրության ակտ, դա հասարակության միասնականացման պրոցես է լինելու», -֊ ասաց Գեղամ Հարությունյանը:

Իսկ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքով, դա պետք է լինի մինչեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն:

«Մենք գլուխ չենք ջարդելու, ողնաշար չենք ջարդելու, դա հեշտ ա, կյանք տալն ա դժվար», -֊ ասաց Արամ Սարգսյանը: -֊ «Չենք համարում, որ ապօրինի սեփականությունը, որի վրա նստել են շատերը, անվերադարձ է: Իմ խնդիրն է լինելու թույլ չտալ, որ գլուխներ ջարդեն, ու որ էդ սեփականության վերադարձը լինի օրենքով»:

Արամ Սարգսյանի վերուծությամբ, հեղափոխական իրավիճակ Հայաստանում կա, իսկ հեղափոխության համար իշխանությունները «իրենց տեղով պատրվակ են»:

«Առավոտից իրիկուն պատրվակ են ստեղծում… Հետեւենք փոքր խմբերի բողոքի ալիքին ու հետեւներից գնանք, թեկուզ Դալմայի այգիների համար բողոքը լինի», - օրինակ բերեց նա:

Մոտ ապագայում կուսակցությունը նախատեսում է համաժողովրդական հանրահավաք հրավիրել՝ ազատությունների սահմանափակումից մինչեւ դատական իշխանության անկախության հարցերով:


Ռուզան Խաչատրյան