Պոլա Դոբրյանսկի. «Նախագահների հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ»

Երկօրյա այցով Բաքվում գտնվող Միացյալ Նահագների պետքարտուղարի տեղակալ Պոլա Դոբրյանսկին չորեքշաբթի օրը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում «կարող է շրջադարձային դառնալ»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը այսօր երեկոյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման վերաբերյալ «ԱզերԹաջ» գործակալության հաղորդագրության մեջ քննարկված հարցերի շարքում Ղարաբաղյան կարգավորումը նշված չէ:

Ալիեւի հետ հանդիպումից առաջ, սակայն, Դոբրյանսկին լրագրողներին ասել էր, թե մինչ այժմ «բանակցությունները [ղարաբաղյան կարգավորման] ընթացել են կառուղոցական եւ դրական ուղղությամբ»:

«Գալիք ամիս տեղի է ունենալու երկու նախագահների հանդիպում, եւ այն կարող է շրջադարձային դառնալ», - շարունակել է նա: - «Մենք, անշուշտ, հուսով ենք եւ ուզում ենք տեսնել, որ հանդիպումը դրական ուղղությամբ կընթանա: Այնպիսի ուղղությամբ, որը կդնի [հակամարտության] լուծման հիմքը»:

«Թուրան» գործակալության հաղորդման համաձայն, բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը օրվա ընթացքում հասցրել է հանդիպել ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» կուսակցությունների, «Նոր քաղաքականություն» դաշինքի, մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ: Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլիի փոխանցմամբ, Դոբրյանսկին նշել է, որ իր այցի գլխավոր նպատակն է՝ ընդգծել այն կարեւորությունը, որ տալիս են Միացյալ Նահագները Ադրբեջանում ազատ եւ արդար խորհդարանական ընտրությունների անցկացմանը:

Դոբրյանսկին խոստացել է տեղեկացնել ամերիկյան իշխանություններին այն մտահոգությունների մասին, որ ունեն ադրբեջանցի ընդդիմադիրները: Մանավորապես, ըստ Քերիմլիի, խոսքը Ընտրական հանձնաժողովների ձեւավորման եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում ընդդիմադիր եւ իշխանամետ թեկնածուների համար հավասար հնարավություններ ստեղծելու մասին է:

Երկօրյա այցի շրջանակներում Դոբրյանսին հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երկրում գործող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ղեկավարների հետ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա