Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Թբիլիսիում կհստակեցնի Ջավախքում իրականացվելիք ծրագրերը

Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:

Ինչպես երեկ Ախալքալակում հայտնեց Մարգարյանը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հստակեցնելու են Ջավախքում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը հիմնական ուղղությունները:

«Որոշվելու է, թե Հայաստանը ինչ չափով է մասնակցելու այդ ծրագրերին», - ասաց վարչապետը:

Կիրակի օրը Անդրանիկ Մարգարյանը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Նինոծմինդայում եւ Ախալքալակում տեղի բնակչության հետ հանդիպումների ժամանակ խոստացան, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս արագ կարգավորվեն առկա խնդիրները, կյանքի կոչվեն տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է բարեկարգել Ախալքալակը Վրաստանի մյուս շրջանների հետ կապող ճանապարհները», - ախալքալակցիներին ասաց Զուրաբ Նողաիդելին:

Երկու վարչապետերը անդրադարձել են նաեւ մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված Վլադիմիր Հարությունյանի հարցին:

«Ձերբակալված Վլադիմիր Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է եւ նրա գործողությունները որեւէ առնչություն չունեն Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ», - հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը՝ ավելացնելով, որ որոշ լրատվամիջոցների կողմից արված ենթադրությունները «անհասկանալի եւ անընդունելի են»:

Նույն կարծիքն է հնչեցրել նաեւ Վրաստանի վարչապետը՝ ավելացնելով. - «Հարությունյանը գործը լիովին պարզ է, եւ նախաքննությունը կավարտվի շատ շուտով»:


Կարինե Քալանթարյան, Ախալքալակ