Վրաստանի բանակին սնունդ կմատակարարեն Ախալքալակի եւ Նինոծմինդայի բնակիչները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ պաշտպանության նախարարության համատեղ որոշմամբ, այսուհետեւ Վրաստանի բանակի ստորաբաժանումների սննդի մատակարարումը կիրականացվի Ախալքալակի եւ Նինոծմինդայի բնակիչների արտադրանքի հաշվին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի տեխնիկական համալսարանում երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «տեղի բնակչությունը, ներառյալ՝ հայերը եւ հույները, չպետք է իրեն անպաշտպան զգան, նրանց պետք է հնարավորություն տրվի իրացնել իրենց արտադրանքը»:

Համաձայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի, Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանը պետք է դուրս բերվի մինչեւ 2008 թվականը: Ջավախքի հայ բնակչությունը հանդես էր գալիս ռազմակայանների դուրսբերման դեմ, քանի որ մեծ թվով մարդկանց համար այն եկամտի հիմնական, երբեմն՝ միակ աղբյուրն է: