Կվերաձեւակերպվի Վրաստանի պետական պարտքը Հայաստանին

Չորեքշաբթի օրը Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձեւակերպման մասին» համաձայնագրերի կնքմանը:

Վրաստանի պարտքը Հայաստանին՝ ներառյալ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գումարները, կազմում է 19 միլիոն 593 հազար դոլար: «Փարիզի ակումբի» պահանջով Հայաստանն արդեն գնացել էր զիջումների՝ պարտքի մարման ժամկետը 2000 թվականից երկարացնելով մինչեւ 2005-ը: Մինչեւ հիմա Վրաստանը վճարում էր հիմնական պարտքի տոկոսները միայն:

Այս ամիս ավելի վաղ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե առաջիկայում Հայաստանը կվերականգնի էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան արդեն նոր՝ բարձրացված սակագնով, որը կկազմի 2,8 ցենտ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց:

2002 թվականի դեկտեմբերից մինչեւ 2003 թվականի ապրիլ ընկերությունը Վրաստան է արտահանել 178 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 4,45 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ից մինչեւ այս տարվա մայիսի 15-ը արտահանվել է 3,6 միլիոն դոլարի 141 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: