Աբխազական երկաթուղու վերաբացման խնդիրը կարող է քննարկվել Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գոչա Ջոջուան հինգշաբթի օրը հայտարարել է, թե վարչապետ Զուրաբ Նողաիդելին պետք է խորհրդարանին բացատրություն տա եւ տեղեկացնի աբխազական երկաթուղու վերագործարկման՝ Վրաստանի կառավարության ծրագրի վերաբերյալ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, պատգամավորը պնդել է, թե կողմերի (Ռուսաստան, Վրաստան, Հայաստան) միջեւ ստորագրվելիք փաստաթուղթը պետք է լինի «ավելի թափանցիկ»:

«Մենք կուզենայինք իմանալ՝ ի՞նչ պարտավորություններ է ստանձնում Թբիլիսին եւ ի՞նչ է ստանալու դրա դիմաց: Կուզենայինք նաեւ իմանալ, թե ի՞նչ լծակներ ենք պահպանելու հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է Ջոջուան:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխեիլ Մաչավարիանին փոխձել է հանդարտեցնել գործընկերներին՝ հայտարարելով, թե «կառավարությունը չի ձեռնարկի վրաց-աբխազական կարգավորման խաղաղ գործընթացին եւ Վրաստանի շահերին վնասող քայլեր»:

Անցյալ շաբաթ «Ռուսաստանի երկաթուղի» պետական ընկերության տնօրեն Գենադի Ֆադեեւը հայտարարել էր, թե Աբխազիայով տարանցիկ երկաթուղու վերականգնման նախագիծը կարժենա 100 միլիոն դոլարից ոչ պակաս: Նա նաեւ նշել էր, թե նախագծի ֆինանսավորմանը պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը:

Հուլիսի 1-ին երկաթուղայինները հանդիպելու են Գալիում՝ ուսումնասիրելու աբխազական երկաթուղու Գալի-Օչամչիրա հատվածի ներկա վիճակի, անվտանգության ապահովման եւ վերագործարկման հնարավորությունների հետ կապված հարցերը: