Վրաստան կժամանի Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տեսչական խումբը

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը մտադիր է տեսչական խումբ ուղարկել Վրաստան՝ պարզելու կորած միջուկային նյութերի հարցը, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, Վիեննայում լավատեղյակ աղբյուրը հայտնել է, թե տեսուչները անհետացած պլուտոնիումի եւ հարստացված ուրանի ճակատագիրը պարզելու նպատակով մտադիր են այցելել նաեւ Աբխազիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկը:

Աղբյուրը նշել է, թե խոսքը ԽՍՀՄ փլուզման տարիներին միջուկային արդունաբերության «ավարառության» ընթացքում անհետացած (ենթադրաբար՝ 9 կիլոգրամ պլուտոնիում) միջուկային նյութերի մասին է:

«Այդ տեղեկությունները միշտ եղել են Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ուշադրության կենտրոնում, սակայն այժմ բոլոր պայմանները ստեղծված են նման տեսչական ստուգում իրականացնելու համար», - նշել է աղբյուրը:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են տեղեկատվությունը: