Հայաստանը ՆԱՏՕ-ին ներկայացրեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի Գործակցության խորհրդի պաշտպանության նախարարների հերթական նիստից հետո հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին եւ վերջինիս հանձնել Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների (IPAP) ծրագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը փոխանցեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական կողմի որոշակի լավատեսությունը բանակցային գործընթացի դրական զարգացումների առնչությամբ: Հայկական կողմից կարծիք հայտնվեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը եւս կարող է նպաստել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը», - ավելացրեց Մկրտչյանը:

Մինչ այժմ Հայաատանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կառուցվում էին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Մկրտչյանը ասաց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես իրականացվելու է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

«Միանշանակ կարելի է ասել, որ այն [Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը] լուրջ քայլ է եւ լուրջ հայտ է մեր երկկողմ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ նոր մակարդակի եւ նոր որակի հասցնելու ուղղությամբ», - ավելացրեց նա:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրեր սովորաբար իրականացնում են այն երկրները, որոնք մտադիր են անդամակցել ՆԱՏՕ-ին: Հայաստանը, մինչդեռ, պաշտոնապես է ասել է, թե նման նպատակներ չունի:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մենք համարում ենք մեր ընդհանուր անվտանգության քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից մեկը», - պարզաբանեց Սամվել Մկրտչյանը: - «Դաշինքը իր կողմից տարածաշրջանային առաջնահերթությունների ցանկում ընդգրկել է նաեւ Հարավային Կովկասը, ինչը հստակ եւ միանշանակ դրսեւորվեց անցած տարի Ստամբուլի գագաթաժողովից հետո»:

Դրանից հետո Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի համար ՆԱՏՕ-ն նշանակեց հատուկ ներկայացուցիչ, իսկ ավելի ուշ՝ փոխգործակցության սպա՝ հատուկ Հարավային Կովկասի համար:

Ներկայացված ծրագիրը Հայաստանը նպատակ ունի իրականացնել 2 տարվա ընթացքում: Ժամկետի ավարտին կողմերը կգնահատեն դրա կատարումը, որպեսզի նոր ծրագիր մշակեն արդեն հաջորդ երկու տարիների համար:

Իսկ այսօր ներկայացված փաստաթղթի նախաբանում շարադրված է Հայաստանի նպատակադրումը՝ քաղաքական, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու առումով: Դրան, Մկրտչյանի խոսքերով, հաջորդում է պաշտպանության ոլորտի բարեփոխումների խնդիրներին առնչվող հատվածը:

«Այն բավականին ծավալուն է եւ հեռահար նպատակներ է հետապնդում՝ վերակազմավորելու Հայաստանի զինված ուժերը, դրանք համատեղելի դարձնելու դաշինքի անդամ երկրների զինված ուժերին, ինչը, իր հերթին, հնարավորություն կտա հայազգի զինվորականներին ակտիվ կերպով ներգրավվել ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին աշխարհի տարբեր տարածաշրջաններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:


Արմեն Զաքարյան