Հայ-իրանական հարաբերություններում կան «չկարգավորված սահմանային հարցեր»

«Հայ-իրանական հարաբերություններում գլխավոր հիմնախնդիրը չկարգավորված սահմանային հարցերն են», - հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հագիգյանը:

Դեսպանի խոսքերով, այդ հարցերը կարգավորելու նպատակով ստեղծվել է սահմանային հարցերի հայ-իրանական հանձնաժողով, որի «ավելի ակտիվ աշխատանքը կարող է կարեւոր դեր կատարել հիմնախնդրի լուծման ճանապարհին»:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, Ալիռեզա Հագիգյանը անդրադարձել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին՝ նշելով, թե դրանք գնտվում են «բարձր մակարդակի վրա եւ լավ հեռանկարներ ունեն»:

Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը, դեսպանի վկայությամբ, ամեն տարի ավելանում է 30 տոկոսով: Անցյալ տարի այդ ցուցանիշը հասել է 180 մլն դոլարի: