Մամուլի տեսություն

«Ավանում ոչ թե ընտրություն է տեղի ունեցել, այլ մի իսկական միասնության շուրջպար` հայր եւ որդի Մարգարյանների շուրջ», - ձեւակերպված է «Հայկական ժամանակ»-ում: «Առավոտ»-ը եւս անդրադառնում է Ավանի թաղապետի ընտրության արդյունքին: «Կարելի է ենթադրել, որ ընտրողների 96 տոկոսին հօգուտ վարչապետի որդու ստիպել է քվեարկել այն հանգամանքը, որ թեկնածուն իր հոր, այսինքն՝ վարչապետի որդին է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կփորձի այնպես անել, որ որդու գլխավորած համայնքում գործերն ավելի լավ լինեն, քան մնացած համայնքներում»« - շարադրում է «Առավոտ»-ը՝ միաժամանակ նշելով. - «Սակայն ռիսկն էլ քիչ չէ, քանի որ յուրաքանչյուր վարչապետի ցանկացած պահի կարող են պաշտոնանկ անել: Այն ժամանակ ինչ-որ մեկը կարող է դառնորեն ափսոսալ, որ ամբողջ երեք տարի ստիպված է լինելու թաղապետի պաշտոնում հանդուրժել մեկին, որի հիմնական արժանիքը միայն հոր պաշտոնն է»:

Շվեդիայի Ձախ կուսակցության եւ ՀԺԿ-ի կազմակերպած երիտասարդական սեմինարից «Իրավունք»-ը մեջբերում է ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերը. - «Քոչարյանը հպարտանում է, որ կազմակերպված պետություն ունի, սակայն անհրաժեշտ է իմանալ, որ բանդան է կազմակերպված լինում, իսկ պետությունը լինում է ժողովրդավարական»:

Նույն թերթում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պնդում է. - «Սերժ Սարգսյանով Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու սցենար իրականացնել հնարավոր չէ»:

«Ազգ»-ի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանում եւս հնարավոր է գունավոր հեղափոխություն, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիեն պատասխանել է. - «Տեղի կունենա Էվոլյուցիա»: Նրա կարծիքով, Ադրբեջանի էվոլյուցիան, այսինքն՝ սպասվող քաղաքական փոփոխությունները, «դրական ազդեցություն կունենան նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման վրա»:

«Իրավունք»-ի մեկնաբանի ուրվագծմամբ, Ղարաբաղի հարցում պաշտոնական Երեւանը, ըստ էության, «հայտնվում է գրեթե կատարյալ մեկուսացման մեջ, ինչը հղի է այնպիսի զարգացումներով, որոնք կարող են հանգեցնել ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրումների»:

«Հայոց աշխարհ»-ում պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը անդրադարձել է այլընտրանքային զինծառայողների դժգոհություներին. - «Այս իրավիճակը, իմ կարծիքով, միտումնավոր է ստեղծվում։ Այլընտրանքային ծառայություն անցնողներին անընդհատ դժգոհությունների են դրդում ինչ-որ մարդիկ, որպեսզի օգտագործեն իրենց ինչ-ինչ նպատակների համար»։ «Ծառայությունը իրավունք չէ՝ պարտականություն է: Ընդ որում՝ Սահմանադրությամբ ամրագրված», - ընդգծում է գեներալը:

«Մեծ խաղ փոքր երկրում» վերնագրի ներքո «Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Միասնության շուրջպարը կդառնա ՆԻԳ-Ապարան հասարակական կազմակերպության եւ անձամբ նրա պատվավոր նախագահ` հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հնարավությունները եւ ներուժը ցուցադրող յուրօրինակ ակնառու վկայություն: Ամեն մեկն ի զորու չէ այսպիսի ակցիա կազմակերպել ու այսքան համախոհ հավաքել: Դա վկայում է կառույցի քաղաքական ներուժի ցուցադրման մասին, կառույց, որը ձեւականորեն քաղաքականությունից դուրս է»:

«Հայկական ժամանակ»-ի դասակարգմամբ՝ այսօր Հայաստանում երեք խումբ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ կան. - «Նրանց մի մասը չի գործում ԱՄՆ-ից հրահանգ չունենալու, մյուս մասը՝ Ռուսաստանից հրահանգ չունենալու, իսկ երրորդ խումբը` Լեւոն Տեր-Պետրոսյանից հրահանգ չունենալու պատճառաբանությամբ»: «Եվ բոլոր այս կուսակցությունները», - շարունակում է թերթը, - «իրենց հատուկենտ հրապարակային ելույթներում պնդում են, որ Հայաստանը` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, գլորվում է դեպի անդունդը: Եվ ստացվում է, որ այդ կուսակցությունները, ահազանգելով մոտալուտ աղետի մասին, միեւնույն ժամանակ հայտարարում են` հրահանգ կլինի` կփրկենք երկիրը, հրահանգ չի լինի` երկրի հերն էլ անիծած»:


Հրաչ Մելքումյան