Նավթամուղը կպահպանեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ ուժերը

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարը կպահպանեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ զինվորական ստորաբաժանումները:

«Կավկազպրես» գործակալության հաղորդմամբ, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Լեւան Նիկոլեիշվիլին երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, թե խողովակաշարի անվտանգությունը, բրիտանական British Petrolium-ի հետ միասին, ապահովելու են նշված երեք երկրների զինվորականները:

Նման ուժերի ստեղծման հարցը մոտ ապագայում քննարկելու են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիան կաջակցի Վրաստանին եւ Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում: