Հայաստանի նախագահը Թուրքիայի վարչապետից որեւէ նոր առաջարկ չի ստացել

«Թուրքիայի վարչապետից պաշտոնական առաջարկ չենք ստացել, սակայն դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից, պարոն Էրդողանը որեւէ նոր բան չի առաջարկում» - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «Միլիեթ» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում ասել է, թե իր երկիրը կարող է քաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե Երեւանը համաձայնի համատեղ հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով:

«Մի կողմից կարող են քաղաքական հարաբերություններ հաստատվել, մյուս կողմից էլ կարող են ուսումնասիրություններ իրականացվել», - հայտարարել է Էրդողանը:

«Կրկին, որպես նախապայման մեզ առաջարկվում է ուսումնասիրության, այլ ոչ թե քաղաքական հարաբերությունների հաստատման խնդիրը», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Այս ամիս ավելի վաղ Թուրքիայի վարչապետը նամակ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»:

Ապրիլի 26-ին Հայաստանի նախագահը մերժել էր համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ փոխարենը առաջարկելով «առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»:


Արմեն Դիլանյան, Պրահա