Ադրբեջանում հրապարակվել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Ադրբեջանական «Խեսաբաթ» («Զեկույց») գործարար ամսագրի անդրանիկ համարում հրապարակվել է երկրի 30 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Հատկանշական է, որ նրանցից միայն վեցն են գործարարներ, մյուսները պետական պաշտոնյաներ են:

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, ամսագրի հիմնադիր ANS լրատվական հոլդինգը նախատեսում էր առաջին համարում տպագրել Ադրբեջանի մեծահարուստների ցուցակը՝ հիմնվելով հարկային տեսչության տվյալների վրա: Սակայն հարկային մարմինների կողմից բյուրոկրատական ձգձգումների պատճառով ցուցակը կազմվել է փորձագիտական հարցումների հիման վրա:

Հոդվածի հրապարակումը միանգամից գրավել է ընթերցողների ուշադրությունը՝ այն աստիճան, որ ամսագրի 6-հազարանոց տպաքանակը վաճավել է երկու օրում, իսկ խմբագրությունը ամսագիրը 10 դոլարով (իրական գնից 14 անգամ բարձր) գնելու բազմաթիվ առաջարկներ է ստացել:

Հետաքրքրությունը այնքան մեծ է եղել, որ Բաքվում տարածվել են իշխանությունների կողմից «Խեսաբաթ»-ի տպաքանակը առգրավելու մասին լուրեր:

«Ոչ մի առգրավում չկա՝ սովորական իրարանցում է, ամսագիրը մեծ պահանջարկ է վայելում», - BBC-ին հայտնել է ANS խմբի նախագահ Վահիդ Մուսաֆաեւը, որը հրապարակված ցուցակում գրավում է 27-րդ տեղը:

Ադրբեջանի պետական պաշտոնյաներին կոռումպացվածության մեջ մեղադրող հոդվածները մինչ այդ լայն ճանչում էին բերել ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրին, որի խմբագիր Էլմար Հուսեյնովը փետրվարի 2-ին սպանվել էր իր տան շքամուտքում:

«Կարծում եմ, որ նախկինում կատարվածը պետք է ջնջել եւ մոռանալ, իսկ տնտեսության զարգացման համար մենք պետք է օգտագործենք բոլոր աղբյուրները՝ արտասահմանյան եւ ներքին ներդրումները, ինչպես նաեւ ապօրինի կուտակված որոշ միջոցները», - «Day.az»-ի փոխանցմամբ, Շամախի կատարած այցելության ընթացքում երկուշաբթի օրը հայտարարել էր Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել երկրում «ֆինանսական համաներման» ներմուծման հնարավորության վերաբերյալ: «Այլ երկրների փորձ ցույց տալիս, որ նման քայլը չի տալիս սպասված արդյունքը եւ կրում է ձեւական բնույթ: Ստվերային փողերի հիմնական մասը ջրի երես դուրս չի գալիս, իսկ դրանք թաքցնողները այդպես էլ չեն համարձակվում այդ փողերը լեգալացնել», - ասել է Ադրբեջանի նախագահը: