Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Արգենտինայում, Բելգիայում եւ Հունաստանում

Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը Բուենոս Այրեսի աշխարհահռչակ Կոլոն օպերային թատրոնում կազմակերպել էր հանդիսավոր համերգ՝ Հայաստանից հրավիրված «Կադենս» կվինտետի մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը փոխանցում է, թե համերգին ներկա էին Արգենտինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ, մտավորականներ, արվեստագետներ, Արգենտինայումում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը Բելգիայի Սենատի շենքում տեղի է ունեցել «Ճանաչում ապագան կառուցելու համար» խորագրով կոնֆերանս, որը նախաձեռնվել էր բելգիացի մի խումբ սենատորների կողմից:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բելգիայի մի քանի սենատորները, Հերենտ քաղաքի քաղաքապետ Վիլի Կուպերսը, Փարիզի «Նուբար փաշա» գրադարանի տնօրեն, պատմաբան Ռայմոնդ եւորգյանը, Հայ դատի հանձնախմբի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Լորան Լեյլեկյանը, Info-turk հանդեսի գլխավոր խմբագիր Դոգան Օզգյուդենը եւ ուրիշներ:

Բելգիացի քաղաքական գործիչները, դատապարտելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, տեղեկացրին, որ առանց Ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող համարվել եվրոպական ընտանիքի անդամ եւ սեփական անցյալի սեւ էջերի ընդունումը նախապայման պետք է լինի ԵՄ-ում Թուրքիայի անդամության մասին բանակցությունները սկսելու համար: Նրանք համոզվածություն հայտնեցին, որ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին մեծ դերակատարություն կունենա Ցեղասպանության ճանաչումը թուրքական իշխանությունների կողմից:

Համաժողովի մասնակիցները դիմում ընդունել ուղղված Բելգիայի եւ Եվրամիության իշխանություններին՝ կոչ անելով պահանջել Թուրքիայից ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Իսկ Աթենքի Պիրեյի նահանգապետարանի եւ ՀՅԴ Կոկինիայի կոմիտեի կազմակերպմամբ ապրիլի 18-ին Պիրեյի համալսարանում կայացել է կլոր սեղան՝ «Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը եւ հայկական ցեղասպանությունը» խորագրով:

Մասնակիցները նշել են, որ Թուրքիայի մուտքը Եվրամիություն բազմաթիվ բարդություններ է առաջացնելու՝ ոչ միայն խախտելով ներքին հավասարակշռություն, այլեւ կարող է հանգեցնել նոր շրջադարձերի: