ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարացին ուրբաթ օրը Բաքվում ասել է, թե Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցները պետք է ազատականացնել նախքան նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, այսօր Բաքվում հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ պաշտոնյան ասել է. - «Չպետք է լինի պետությանը պատկանող կամ պետության կողմից ղեկավարվող հեռուստատեսություն»:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ադրբեջանում վեց համապետական հեռուստակայաններից երկուսը պատկանում են պետությանը, մնացած չորս մասնավոր կայաններն էլ աշխատում են «կառավարության խիստ ազդեցության ներքո»:

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է, թե չունի հեռուստաեթերից անհրաժեշտ չափով օգտվելու հնարավորություն: Հեռուստատեսությունն, ըստ ընդդիմադիրների, «դարձել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի խոսնակը»:

Միլկոշ Հարացիի խոսքերով, Ադրբեջանում ձգձգում են մամուլի ասպարեզում անհրաժեշտ բարեփոխումները, չեն ստեղծում հանրային հեռուստատեսություն, մասնավոր ընկերություններին չեն տալիս եթերի հեռարձակման լիցենզիաներ:

«ԵԱՀԿ պաշտոնյաների հետ զրույցներում Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ նոր լիցենզիաներ չեն տրվելու», - ասել է Հարացին եւ հավելել, որ եթե մինչեւ ընտրությունները լրատվամիջոցների կառուցվածքը չբարեփոխվի, ապա «տեղեկատվական առումով դա կլինի լուրջ նահանջ ու վերլուծություններում կստիպի հարց բարձրացնել, թե որքանո՞վ ազատ եւ արդար էին այդ ընտրությունները»:


Արմեն Քոլոյան, Պրահա