Հայաստանի մտավորականների ֆորումը վերսկսում է հանդիպումները

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցեց Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու խոսնակը, ֆորումի ավագանին եւ խորհուրդը վերսկսել են հանդիպումները քաղաքական կուսացությունների, հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների հետ:

Հանդիպումների նպատակը, խոսնակի տեղեկացմամբ, «երկխոսության միջոցով քաղաքական դաշտը համախմբելն է եւ ի մի բերելը այն ընդհանրականը, որ կա նրանց մոտ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու առնչությամբ»:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում: Ասվում է սոսկ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները եւ համատեղ աշխատանքներն այս ուղղությամբ:

Անցած տարի Հայաստանի մտավորականների ֆորումը բավական ակտիվ գործունեություն էր ծավալել՝ նախաձեռնելով հանդիպումների շարք երկրի քաղաքական ուժերի, ազդեցիկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: