ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի պատկան մարմինների հետ զենքի ապօրինի փոխադրումները կանխելու հարցում

ԱՄՆ դաշնային հետախուզական բյուրոյի հատուկ գործակալ, տարածաշրջանում ԱՄՆ կառավարության իրավական կցորդ Բրայան Պարմանը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնեց, որ Միացյալ Նահանգներում ապօրինի զենքի վաճառքի գործով, որում ներգրավված են նաեւ Հայաստանի քաղաքացիներ, հետաքննությունը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ եւ այդ ողջ ընթացքում իրենք համագործակցում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ: Ասուլիսում նաեւ հայտարարվեց, որ տվյալ գործով Հայաստանում կալանվել է երեք մարդ:

Անցած շաբաթասկզբին Միացյալ Նահանգներում ձերբակալված հանցավոր խմբի անդամներից են Հայաստանի քաղաքացիների Արթուր եւ Լեւոն Սոլոմոնյանները, ովքեր 2001 թվականից հետախուզման մեջ են Հայաստանում՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Խումբը, որի ղեկավարներից է Արթուր Սոլոմոնյանը, մեղադրվում է ապօրինի ճանապարհով ռուսաստանյան արտադրության զենքի ու զինամթերքի՝ Միացյալ Նահանգներ փոխադրումը նախապատրաստելու մեջ:

Մեկ տարի առաջ բացահայտված հարցավոր խմբի անդամները, ըստ Բրայան Պարմանի, Միացյալ Նահանգներում ապօրինի զենք են գնել եւ վաճառել Դաշնային հետախուզական բյուրոյի ծպտված աշխատակցին: ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով առգրավվել է այդ երկրի տարածքում գնված ու վաճառված 8 միավոր հրազեն: Նույն հանցավոր խմբի անդամները խոստացել են նաեւ հրթիռանետ եւ ինքնաձիգ ձեռք բերել Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, եւ դրանք հասցնել Միացյալ Նահանգներ:

Դաշնային հետախուզական բյուրոյի ծպտված գործակալը խնդրել է ցույց տալ այդ զինատեսակների լուսանկարները: Եվ Միացյալ Նահանգներում բնակվող եւ մարտի 15-ին այնտեղ ձերբակալված Արթուր Սոլոմոնյանը հեռախոսով դիմել է Երեւանում իր ուսանողական ընկեր Սպարտակ Երիբեկայանին, վերջինս էլ կատարել է ընկերոջ խնդրանքը:

«Սպարտակ Երիբեկյանը դիմել է իր ընկերոջը՝ Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա իր համար որոշ զինատեսակների նկարներ պատրաստի եւ տրամադրի իրեն», - տեղեկացրեց ասուլիսին մասնակցող Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը:

Արմեն Սարգսյանի տված լուսանկարները Սպարտակ Երիբեկյանը փետրվարի 23-ին էլեկտրոնային փոստով ուղարկել է Միացյալ Նահանգներ՝ Արթուր Սոլոմոնյանին: Համլետ Հարությունյանը ընդգծեց, որ տվյալ զորամասից որեւէ զինատեսակ դուրս չի բերվել:

Լեյտենանտ Արմեն Սարգսյանն առայժմ ձերբակալված չէ, նրա կատարած հանցանքն առայժմ որակվում է որպես կարգապահական խախտում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության՝ մարտի 17-ին հարուցած քրեական գործով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Սպարտակ Երիբեկյանը, Գրիգոր Մարտիրոսյանը եւ 1991 թվականին Ռուսաստանից ԱՄՆ մեկնած եւ այնտեղ բնակություն է հաստատած Արմեն Բարեղամյանը:

Բարեղամյանը դեռ 1995 թվականին կալանված է եղել Միացյալ Նահանգներում՝ խուլիգանության մեղադրանքով, իսկ երկու տարի անց քրեական հետապնդման է ենթարկվել զենքի ու զինամթերքի ապօրինի շրջանառության համար: Խուսափելով քրեական հետապնդումից՝ կեղծ փաստաթղթերով եկել է Հայաստան:

Հրաչյա Հարությունյանը հավաստիացրեց, որ Հայաստանից հնարավոր չէ ապօրինի ճանապարհով զենք ու զինամթերք տեղափոխել արտասահման:

«Ես հուսով եմ, որ այդպիսի փաստերը մեզ մոտ բացառվում են», - ասաց նա: - «Վերջին տարիների ընթացքում մենք երբեւիցե որեւէ ահազանգ, որեւէ փաստ չենք արձանագրել»:


Կարինե Քալանթարյան