Ադրբեջանում վերստին ռազմատենչ հայտարարություններ են հնչում

«Ռեգնում» գործակալությունը Բաքվից հաղորդում է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված հրադադարի խախտումների առիթով համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանում գործող Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն ու Զինվորների ընտանիքների կոմիտեն:

Հայտարարության հեղինակները պնդում են, թե «այդ բոլոր իրադարձությունների ականատեսը միջազգային կազմակերպություններ են, որոնք որեւէ կերպ չեն արձագանքում»:

«ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը բավարարվում է անորոշ դիրքորոշում որդեգրելով եւ չի ցանկանում նկատել հայերի կողմից հրադադարի խախտումներն ու այն, որ ադրբեջանական կողմը կորուստներ է կրում», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական այս կազմակերպությունները պնդում են, թե Հայաստանը չի ցանկանում խաղաղ եղանակով կարգավորել հակամարտությունը:

«Հայ ագրեսորների դեմ այլ միջոց, քան ուժի գործադրում չի մնում: Մենք միայն ուժային ճանապարհով կարող ենք ազատագրել մեր հողերը: Մենք պարտավոր ենք առաջնորդվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» եւ «Մա՜հ թշնամուն» կարգախոսերով», - ասվում է ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության եւ Զինվորների ընտանիքների կոմիտեի հայտարարությունում:


Արմեն Քոլոյան, Պրահա