«Հայաստանի իշխանությունները գրավյալ տարածքների վերաբնակեցման աջակցության ծրագիր չեն իրականացնում»

Այսօր Վիեննայում հրապարակվել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը Ղարաբաղին հարող տարածքների վիճակի վերաբերյալ: «Առաքելությունը եկել է միանշանակ եզրակացության, որ Հայաստանի կառավարության կողմից վերաբնակեցման քաղաքականության սատարման կամ աջակցության ծրագիր չի իրականացվում», - «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրի Պետրոսյանը:

Փաստահավաք առաքելության զեկույցը Վիեննայում ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3ուրի Մերզլյակովը: Զեկույցը բաժանվել է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին:

Նաիրի Պետրոսյանի վկայությամբ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի այսօրվա նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը վերահաստատել է իր երկրի նախկին պնդումները եւ ասել, թե «վերաբնակեցման փաստեր կան, ուստի դրան աջակցում է Հայաստանը»:

Ադրբեջանը գրավյալ տարածքների վերաբնակեցման հարցը անցած տարվա վերջին բարձրացրել է ՄԱԿ-ում, ինչից հետո այս տարվա փետրվարին Ղարաբաղին հարող տարածք է այցելել ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը:

Այսօր երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության զեկույցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հայաստանը վստահ է, որ փաստահավաք առաքելության զեկույցի ամենակարեւոր արդյունքն այն է, որ զեկույցը հերքեց Ադրբեջանի մեղադրանքները», - ասված է հայտարարությունում:

Շարադրելով Ադրբեջանի մեղադրանքները (վերաբնակիչների թիվը՝ 30.000-300.000, վերաբնակեցման գործընթացը բյուջետային հատկացումներով ուղեկցված պետական քաղաքականություն է Հայաստանի կողմից, վերաբնակիչների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են կամ սփյուռքահայեր)՝ արտգործնախարարության հայտարարությունում մեջբերվում են զեկույցի հետեւյալ հատվածները. - «Ընդհանուր առմամբ, վերաբնակեցումը շատ սահմանափակ է», «Կանոնավոր կազմակերպված վերաբնակեցում գոյություն չունի, չկա նաեւ ոչ կամավոր վերաբնակեցում կամ հավաքագրում», «Այն բնակչությունը, որի հետ փաստահավաք առաքելությունը զրուցեց, հաշվառեց կամ ուղղակի առնչվեց, կազմում է` Քելբաջարի շրջանում` մոտավորապես 1500, Աղդամի շրջանում՝ 800-1000, Ֆիզուլիի շրջանում՝ ոչ ավելի քան 10, Ջեբրայիլի շրջանում՝ ոչ ավելի քան 100, Զանգելանի շրջանում՝ 700-1000 եւ Քուբաթլիի շրջանում՝ 1.000-1.500 մարդ… Փաստահավաք առաքելության տվյալներով` Լաչինի ամբողջ շրջանում բնակվում է ոչ ավելի քան 8.000 մարդ»:

«Փաստահավաք առաքելությունը հանգել է այն եզրակացության, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանված անձինք են, մասնավորապես` Շահումյանից (Գերանբոյ), Գետաշենից (Չայկենդ), որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից», - ասված է զեկույցում:

«Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահների եւ առաքելության անդամների ջանասեր ու բարդ աշխատանքը: Մենք համոզված ենք, որ նրանց մանրակրկիտ, չմիջնորդված եւ անկողմնակալ զեկույցը հստակորեն ներկայացնում է տեղում առկա իրավիճակը», - նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խնդրանքով Հայաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհուրդ` լիազորելու համար փաստահավաք առաքելություն հայաբնակ այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ՝ տիրող իրավիճակին նմանատիպ բաց եւ թափանցիկ գնահատական տալու նպատակով: Այդ տարածքներն են Լեռնային Ղարաբաղի Հյուսիսային Մարտակերտ եւ Արեւելյան Մարտունի շրջանները, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը:


Արմեն Դուլյան, Պրահա