ՀԱԷԿ-ը անցյալ տարի արտադրել է 2 միլիարդ 400 կիլիովատտ/ժամ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմակայանը անցյալ տարի միջուկային վառելիքի խնդիր չունեցավ եւ կարողացավ վերջին տասնամյակի համար ռեկորդային քանակի էլեկտրաէներգիա թողարկել:

«Անցյալ տարի առաջին տարին էր, որ վառելիքի խնդիր չենք ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայկական ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: - «Եվ դրա շնորհիվ էլ անցյալ տարի էլեկտրաէներգիայի ռեկորդային քանակ ենք տվել»:

2004 թվականի արդյունքներով, ԱԷԿը 2 միլիարդ 400 կիլիովատ ժամ հոսանք է տվել, երկրի էներգետիկ հաշվեկշռում իր մասաբաժինը հասցնելով 40 տոկոսի։

Ըստ տնօրենի, զգալիորեն բարելավվել է նաեւ ԱԷԿի ֆինանսական դրությունը։ Ռուսաստանի տնօրինությանն անցնելուց առաջ ԱԷԿ-ը մոտ 100 միլիոն դոլարի պարտքեր ուներ։ Դրանց մի մասը՝ մոտ 40 միլիոն դոլարի չափով, մարվեց «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը (ՌԱՈ ԵԷՍ) Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը հանձնելով, մոտ 20 միլիարդ դրամի չափով բյուջետային պարտավորությունները դուրս գրվեցին՝ Ազգային ժողովի ընդունած որոշմամբ։ Եվ վերջապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքից ստացված 135 միլիոն դոլարից 27 միլիոն դոլարը եւս ուղղվեց ԱԷԿ-ի պարտքերի մարմանը։

Ըստ ԱԷԿ-ի գործադիր տնօրենի, ռուսաստանյան ընկերության լիազորագրային կառավարմանը 2003 թվականին 5 տարով փոխանցված Մեծամորի ատոմակայանը այսօր ի վիճակի է իր վաճառած հոսանքից ստացված միջոցներով ամբողջությամբ վճարել միջուկային վառելիքի դիմաց։ Ռուսաստանյան ընկերությանը մնում է միայն միջուկային վառելիքի մատակարար «Թվել» ընկերությանը 50 տոկոս կանխավճար մուծել։

Հայկական ԱԷԿ-ն այսօր անցյալից ժառանգված ընդամենը 4,5 միլիոն դոլարի պարտք ունի, որի մարումը այս պահին, այդուհանդերձ, խնդրահարույց է. ԱԷԿ-ը իր վաճառած հոսանքի դիմաց ստացած միջոցներով կարող է միայն ընթացիկ ծախսեր հոգալ, իսկ պարտքը վճարելու համար առայժմ միջոցներ չունի:

Ըստ ժամանակացույցի, ԱԷԿ-ը միջուկային վառելիքի նոր խմբաքանակով վերալիցքավորման կկանգնի այս տարվա հոկտեմբերի 1-ին:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, Մարկոսյանը ասաց, որ այսօր ԱԷԿ-ին հատկացվող միջոցները բավարարում են անվգտանգության ընթացիկ խնդիրները լուծելու համար։

«Միջազգային բոլոր կազմակերպութունների դիտարկումները, ուսումնասիրությունները ԱԷԿ-ի աշխատանքում որեւէ լուրջ շեղում չեն հայտնաբերել», - ասաց նա՝ «անհիմն» որակելով հարեւան որոշ երկրների կողմից հնչեցվող մտահոգությունները, թե հայկական ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:


Ատոմ Մարգարյան