Մեկնարկեց կալանավայրերում թմրակախվածությամբ եւ ալկոհոլիզմով տառապողների բուժման համալիր ծրագիրը

Հայաստանի արդարադատության նախարարության եւ լեհական Ստեֆան Բաթորիի հիմնադրամի նախաձեռնությամբ այսօրվանից երկրի կալանավայրերում համալիր ծրագիր է իրականացվելու, որի նպատակը թմրակախվածությամբ եւ ալկոհոլիզմով տառապող անձանց բուժումն է:

Հայաստանում ո’չ թմրամոլությունը ու հոգեմետ դեղերի գործածությունը, ո’չ էլ ալկոհոլիզմը լայն տարածում չունեն: Երկիրը տարանցիկ չէ թմրամիջոցների շրջանառության համար: Այդուհանդերձ, վերջին տարիներին սոցիալական վիճակի վատթարացմանը զուգընթաց որոշ չափով ավելացել է այդ խմբին պատկանող մարդկանց թիվը. 2004 թվականին առողջապահության նախարարության նարկոդիսպանսերում հաշվառվել է 526 թմրամոլ, իրավապահ մարմինները բացահայտել են թմրամիջոցների շրջանառությանն առնչվող 416 հանցագործություն, հայտնաբերվել եւ առգրավվել է շուրջ 60 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց: Աշխարհում, մինչդեռ, տարեկան շուրջ 500 մլրդ դոլար արժողությամբ թմրամիջոց է շրջանառվում:

Այդուամենայնիվ իրավապահ մարմինները պայքարում են թմրամոլության եւ թմրամիջոցների շրջանառության դեմ, իսկ այսօրվանից արդեն արդարադատության նախարարությունը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հատուկ մեթոդով փորձելու է օգնել կալանավայրերում իրենց պատիժը կրող թմրամոլներին եւ ալկոհոլիզմով տառապողներին:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, այս ծրագիրը, որ սկսկվել է Միացյալ Նահանգներում ալկոհոլիզմի դեմ պայքարի «մինեսոտյան մոդելից», արդեն փորձարկվել է տարբեր երկրներում:

Նախարարը հավաստիացրեց, որ քրեակատարողական հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ, որոնք կարող են նպաստել ավելի արդյունավետ բուժում անցկացնելուն:

Հարցին, թե արդյո՞ք կալանավայրերում շատ են թմրամոլները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հենց թմրամոլներ չի կարելի ասել, որ քրեակատարողական հաստատություններում շատ են, բայց, այնուամենայնիվ, նրանք քիչ էլ չեն: Կան նաեւ թաքնված ձեւեր»:

Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, բացահայտված թմրամոլների թիվը տատանվում է 30-40-ի սահմաններում: Դատապարտյալների հիվանդանացում այսօր բուժում են ստանում 12 մարդ:

Նոր ծրագիրն իրականացվելու է կամավորության սկզբունքով, բուժումը՝ առանց դեղամիջոցների:

«Զուտ դեղամիջոցներով բուժումը այդ դեպքում երկարաժամկետ արդյունքներ չի տալիս», - պարզաբանեց արդարադատության նախարարը: - «Այն [նոր ծրագիրը] շատ լուրջ հոգեբանական, մարդու ներքին մոտիվացիա ձեւավորող հատված ունի, ինչը, թերեւս, ամենակարեւորն է այն ծրագրում»:

Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, չժխտեց, որ տարբեր ուղիներով թմրանյութեր են փոխանցվում կալանավայրեր:

«Ես չեմ կարող ժխտել, որ դրսից չի բերվում թմրանյութ», - ասաց նա: - «Բերվում է, փոխանցվում է: Նաեւ մեր վատ աշխատակիցների միջոցով է դա արվում: Իհարկե, դրա դեմ պայքարում ենք եւ արդյունք ունենք»:

Կալանավայրերի վարչության պետը չմանրամասնեց, սակայն, թե կոնկրետ ինչպիսի արդյունքներ ունեն այդ ուղղությամբ:


Կարինե Քալանթարյան