Լիբանանում գործող հայ քաղաքական կուսակցությունները քննարկել են երկրում տիրող իրավիճակը

Լիբանանում գործող երեք հայ քաղաքական կուսակցությունները մարտի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են հիմնականում Լիբանանում տիրող իրավիճակին:

«Շաղզոյան» կենտրոնում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Լիբանանի վարիչ մարմնի, Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի եւ Ռամկավար ազատական կուսակցության շրջանային վարչության ներկայացուցիչները գնահատական տալով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո ստեղծված զարգացումներին՝ «խստորեն դատապարտել են նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը եւ ահաբեկչությունը համարել ամբողջ Լիբանանի եւ լիբանանյան ժողովրդի դեմ ուղղված գործողություն»։

Հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել են «անմիջապես եւ առավելագույն արագությամբ անարգ ոճրի մանրամասների ամբողջական բացահայտում եւ դրա հետեւում կանգնածների ու իրականացնողների հանձնումը արդարադատությանը»։

«Գիտակցելով իրադրության շրջադարձային բնույթը՝ հայ քաղաքական կուսակցությունները, հավատարիմ մնալով միջհամայնքային խաղաղ համակեցության սկզբունքին եւ հարցերը միայն երկխոսությամբ լուծելու իրենց մոտեցմանը, անհրաժեշտ են համարում ոչ մի ջանք չխնայել լիբանանյան բոլոր կողմերին համախմբելու աշխատանքներում», - շեշտել են հանդիպման մասնակիցները։ - «Լիբանանյան քաղաքական կյանքի բոլոր օրհասական պահերի նման հայ քաղաքական կուսակցություններն այս անգամ եւս գիտակցում են, որ լիբանանահայ գաղութը որեւէ ձեւով չի ներքաշվի բեւեռացած մթնոլորտի մեջ եւ, ինչպես միշտ, այս անգամ եւս միասնակամ դուրս կգա համալիբանանյան այս ճգնաժամից»։