Օսկանյան – Մամեդյարով հանդիպումը կրկին հետաձգվում է

Արտգործնախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպման ժամկետները կճշտվեն Օսկանյանի ապաքինվելուց հետո միայն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասել է Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեդրակ Բեջանյանը, նախարարը «դեռ մեկ շաբաթ պիտի շարունակի բուժումը Երեւանում, ինչից հետո միայն կճշտվեն հանդիպման ժամկետները»:

Նախատեսված էր, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Պրահայում մարտի 2-ին: Բայց Օսկանյանի հիվանդության պատճառով այն հետաձգվեց:

Վարդան Օսկանյանը հիվանդացել է (ըստ տեղեկությունների՝ մրսածություն ունի) անցած շաբաթ Հասարակածային Գվինեայից վերադառնալուց հետո:

Կայանալիք բանակցությունները մաս են կազմում այսպես կոչված «Պրահայի գործընթացի», որը սկիզբ է առել անցած տարի եւ երկարատեւ հակամարտության կարգավորման նոր հույսեր է տվել: Նախորդ հանդիպումից հետո՝ հունվարի 11-ին, Օսկանյանը Պրահայում լրագրողներին ասել էր, թե այդ գործընթացի «երկրորդ փուլը» կարող է որոշիչ լինել:

Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Մեթին Միրզան ասել է, թե Ղարաբայան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներից բացի, արտգործնախարարները կքննարկեն նաեւ Ադրբեջանի «գրավյալ տարածքներում» իրավիճակը մեղմելու եւ ընդհանուր իրավիճակի սրման հետ կապված հարցերը:


Արմեն Զաքարյան