Հայաստանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստորագրեն 7 միլիոն դոլարի համագործակցության ծրագիր

«Օրերս Հայաստանի կառավարությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստորագրեն առաջիկա 5 տարվա համագործակցության 7 մլն դոլար արժողությամբ ծրագիր», - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակի նորանշանակ ղեկավար Շելդոն Յեթը:

Ըստ նախագահի մամլո ծառայության, Յեթը չափազանց բարձր է գնահատել Հայաստանում առողջապահության եւ կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նա նաեւ կարեւորել է փաստը, որ Հայաստանը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր ընդունած ոչ մեծ թվով երկրների շարքում է:

Նախագահ Քոչարյանը գոհունակություն է հայտնել այս կառույցի հետ ծավալված համագործակցության մթնոլորտի առիթով եւ հույս հայտնել, որ գրասենյակի նոր ղեկավարի գործունեության շնորհիվ գործակցությունն առավել կխորանա: