Գեղամյանը Միացյալ Նահանգներն է դիտում որպես Հայաստանում «ժողովրդավարացման հիմնական հենասյուն»

Շաբաթավերջին կայացած «Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսում ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, իր ելույթում բազմիցս անդրադառնալով Միացյալ Նահանգներին ու այդ երկրի վարած քաղաքականությանը, նշեց, որ ԱՄՆ-ն է տեսնում որպես Հայաստանի ժողովրդավարացման «հիմնական հենասյուն»:

«Նրբերանգներ հնչեցին, որոնց մեկնաբանությունը ուզում եմ հստակ լինի», - իր ելույթի ավարտին ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը՝ հայտարարելով. - «Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման, կայացման հիմնական հենասյունը պետք է լինի ճիշտ այդ նույն երկիրը [ԱՄՆ-ը]»:

Իր ծավալուն ելույթում քննադատելով Հայաստանի իշխանություններին՝ Գեղամյանը հայտարարեց, թե այդուհանդերձ, պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ խոշոր հարկատուներին օրենքի դաշտ բերելու հարցում: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը իր համար Ղարաբաղյան պատերազմի հերոս է, քանի որ «պահել ու ազատագրել է Արցախը»:

Արտաշես Գեղամյանը միեւնույն ժամանակ հայտարարեց, թե ինքը դառնալու է սկսվելիք ժողովրդական շարժման դրոշակակիրը: Իսկ այդ շարժումը, ըստ նրա, լինելու է ոչ թե այս կամ այն դաշինքի կամ խմբակցության պայքար, այլ համաժողովրդական պայքար: «Ազգային միաբանության» առաջնորդը ասաց, որ այդ պայքարում իրենք համագործակցելու են «բոլորի հետ», քանզի առանց դրա «Հայաստանում ոչ մի ուժ ի վիճակի չի լինի հաջողության հասնել»՝ ավելացնելով նաեւ, որ Հայաստանում հեղափոխություն կլինի այն պատճառով, որ «ժողովուրդն այլեւս չի դիմանում, մարդկանց ցասումը զսպել այլեւս հնարավոր չի լինելու»:


Նանե Աճեմյան