Հայաստանն ու Իրանը դիտարկում են ուղղակի երկաթուղային կապի հնարավորությունները

Ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Հայաստանն ու Իրանը համաձայնել են դիտարկել երկու երկրներն իրար կապող երկաթուղի կառուցման խնդիրը:

Ղարիբջանյանը, ով մինչեւ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Իրանում, ասաց, որ այդ հարցը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը քննարկել է Իրանի ղեկավարության հետ անցած շաբաթ կայացած իր պաշտոնական այցի ընթացքում:

«Բացի ավտոճանապարհներից, հնարավորություն կա նաեւ երկաթգիծ անցկացնելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղարիբջանյանը: - «Պարոն Սերժ Սարգսյանը այս հարցը բարձրացրեց»:

Փոխնախարարի փոխանցմամբ, առաջարկը միակողմանի չէր:

«Իրանական կողմը երեք ուղղություններով նման նախագծերի կողմնակից է», - ասաց Գեղամ Ղարիբջանյանը: - «Մեկը Կասպից ծովով դեպի ուղղակի Ռուսաստան, մյուսը՝ Իրանից Ադրբեջան, ապա Ռուսաստան: Եվ երրորդը՝ Հայաստան – Վրաստան, ապա ցանկացած ուղղությամբ»:

Անդրադառնալով հարցին իրանական կողմի տրամադրվածությունը, Ղարիբջանյանը ասաց, որ Իրանի «նպատակահարմարության խորհրդի» նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին «ուղղակի տեղում» հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել:

«Կարծում եմ, որ կստեղծվի աշխատանքային խումբ», - շարունակեց փոխնախարարը: - «Դրանում վստահ եմ, որովհետեւ երկու կողմի տնտեսական միջկառավարական հանձնաժողովները բավական ակտիվ են աշխատում»:

Իսկ նման նախագիծը, Ղարիբջանյանի համոզմամբ, ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի շահերից է բխում:

«Իրանը աշխարհում իր էներգակիրների կարողությամբ փաստորեն երկրորդ տերությունն է, եւ արտահանելու խնդիր ունի», - փաստարկեց նա:


Արմեն Զաքարյան, Երեւան